Երևան

«Մանիպուլյացիան չափ ունի՞, սահման ունի՞». քաղաքապետ (ՏԵՍԱՆՅՈՒԹ)

Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանը նշել է, թե վերջերս էլ սկսել են հայտարարել, թե տրանսպորտի ինքնարժեքը 65 դրամ է՝ մեկ ուղևորափոխադրման համար։ «Ես չեմ պատկերացնում՝ այդ թվերը որտեղից են վերցնում։ Կարող էին ասել 23 դրամ կամ 6 դրամ։ 6 դրամն ավելի լավ է հնչում։ Մինչդեռ մենք ամսական մոտավորապես «Երևանի ավտոբուս» ՓԲԸ-ի ծախսը 1.8 մլրդ դրամ է, դեռ չհաշված գնված ավտոբուսները»,- ասել է քաղաքապետը՝  նշելով, որ իրականում մեկ ուղևորափոխադրման ինքնարժեքը 200 դրամ է։

«Մենք ունենք մի խնդիր՝ արած աշխատանքն ավելի լավ ներկայացնելու և այս պարզ ճշմարտությունները մարդկանց հասանելի դարձնելու, որովհետև երբ մենք չենք խոսում, խոսում են մանիպուլյացիայի լեզվով, ու մարդիկ դա են լսում»,- ասել է քաղաքապետը՝ նշելով, որ 1990-ականների վերջից ուղևորափոխադրումը 100 դրամ է եղել. «Հիմա ուզում են համոզել, որ նոր 12 մետրանոց գերմանական ավտոբուսներով և 8.5 մետրանոց մեր նոր պարկով հնարավոր է մարդկանց 65 դրամով տեղափոխել, իբր դա է ինքնարժեքը։ Ասում եմ՝ կարող էին հայտարարել 6 դրամ, 7 դրամ, ձրի»։

Ըստ նրա. «Մանիպուլյացիան չափ ունի՞, սահման ունի՞։ Ինչ-որ մի կետում ավարտվելո՞ւ է մարդկանց մասսայաբար խաբելու պրակտիկան»։