Երևան

«Հայաստանի 835 հազար քաղաքացու տրվել է տրանսպորտային արտոնություն». Տիգրան Ավինյան (ՏԵՍԱՆՅՈՒԹ)

«Սիրելի երևանցիներ, Երևանի ավագանին ընդունում է մի որոշում, որը դուք եք պահանջել և մեզ պարտադրել»,- հայտարարել է Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանն ավագանու նիստում ունեցած ելույթում։

Նա նշել է, որ այստեղ որևէ հետքայլ կամ ամոթալի բան չկա. «Ժողովրդավարության ամենակարևոր գործոններից մեկն այն է, որ իշխանությունը լսի իր ժողովրդին, լսի ժողովրդի պահանջը և շատ դեպքերում այդ պահանջը կատարի, եթե դրա հնարավորությունն ունի»,- ասել է նա։ Ավինյանը շեշտել է՝ Երևանի ավագանին 835 հազար քաղաքացու տվել է տրանսպորտային արտոնություն. «Այս արտոնությունները տրվել են գիտակցելով, որ կան մարդիկ, որոնց սոցիալական վիճակը թույլ չի տալիս վճարել այն գինը, որ պետք է վճարել բարվոք տրանսպորտի համար, և այսօր Երևանի ավագանին ընդունում է որոշում, որով կրկին ընդունում է սոցիալ-տնտեսական լարվածությունը, որ կարող է ստեղծվել տրանսպորտի փոփոխությամբ, և առաջարկում է նվազագույնը մեկանգամյա օգտագործման այլընտրանք։ Սա է ողջ փոփոխությունների տրամաբանությունը»։ 

Քաղաքապետի խոսքով՝ ավագանին նաև որոշում է կայացնում՝ հնարավորություն տալով ավելի մատչելի տարբերակով օգտագործել անսահմանափակ փաթեթները. «Շատերը սկսելու են օգտվել տեղփոխներով, շատերն սկսելու են չսպասել այն ավտոբուսին որ իրենց մի կետից վերջնակետ էր տանելու, այլ նստելու են առաջին եկող ավտոբուսը, ինչ-որ մի տեղ փոխեն այն ու ավելի շուտ հասնեն»։ Նա հիշեցրել է, որ շատ քաղաքներում արդեն այդպես է արվում, և մարդիկ ոչ թե մեկ ուղևորափոխադրության մասին են մտածում, այլ՝ ամսական կամ տարեկան փաթեթների մասին։

Նա նշել է, թե այս որոշումը Երևանի տրանսպորտային փոփոխությունների ու Երևանի տրանսպորտային ապագայի համար է։