Երևան

«Տոմսային համակարգը լուծում է 2 խնդիր»․ Տիգրան Ավինյան

Տոմսային համակարգը լուծում է 2 խնդիր, Հանրային հեռուստաընկերության եթերում հայտարարել է Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանը։ 

«Առաջինը՝ պետք է մարդկանց հարմար և մատչելի լինի, երկրորդը՝ պետք է լուծի ֆինանսական որոշակի հավաքագրում, որովհետև ունենք նոր որակի տրանսպորտ, որի սպասարկումն ավելի թանկ է: Ֆինանսական հավաքագրման խնդիր կա լուծելու, որպեսզի կարողնանք պահպանել և հետագայում կատարելագործել ավտոբուսային պարկը»,- նշել է քաղաքապետը։

Ավինյանի խոսքով՝ բոլոր այն գումարները, որոնք մարդիկ ծախսում են տրանսպորտի վրա, գնում է նույն տրանսպորտի սպասարկմանը և թարմացմանը։

«Ռեֆորմները սեպագիր արձանագրություններ չեն՝ քարի վրա փորագրված։ Ռեֆորմների ընթացքում փոփոխությունները շատ նորմալ են»,- նշել է նա։

Ծախսերի մասին խոսելիս՝ Երևանի քաղաքապետը շեշտել է, որ ամսական կտրվածքով մոտ 1,8 մլրդ դրամ ծախսում են «Երևան ավտոբուս» ՓԲԸ-ի վրա։ Ավտոբուսների հետգնման վճարը 378 մլն դրամ է։

«Երբ այս թվերի համագումարը բաժանենք նոյեմբեր կամ դեկտեմբեր ամսվա ուղևորափոխադրումների քանակի վրա, կստանանք 1 ուղևորափոխադրման ինքնարժեքը՝ 203 դրամ»,- ասել է նա։

Քաղաքապետը նշել է, որ պետք է մարդիկ փորձարկեն առաջարկվող փաթեթները և տեսնեն, որ իրապես օգտակար են ոչ միայն ֆինանսական առումով, այլև ժամանակի խնայողության։

Ավինյանը հավելել է, որ այս տարի նախատեսում են շուրջ 50 կանգառասրահ կահավորել։ «Ունենալու ենք տրանսպորտային հստակ էլեկտրոնային չվացուցակ»,- եզրափակել է քաղաքապետը։