150 դրամ՝ մեկ ուղևորության համար և անսահմանափակ փաթեթների երկարացում, հայտարարել է Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանը։
«Մեր նպատակը Ձեզ ծառայելն է, մեր նպատակը մեր քաղաքը Ձեզ համար ավելի մատչելի և բարեկեցիկ դարձնելն է։ Սրան են միտված մեր նախաձեռնած բոլոր ռեֆորմները և հատկապես՝ տրանսպորտային համակարգի։ Քանի որ այդ ռեֆորմի հիմքում երևանցու շահն է, մենք լսում ենք Ձեզ, ես լսում եմ Ձեզ։ Կարդացել եմ բազմաթիվ նամակներն ու մեկնաբանությունները, դիտել եմ բազմաթիվ հարցումներ։
Մեր նպատակն է ստեղծել այնպիսի տոմսային համակարգ, որը կլինի հարմարավետ և մատչելի բոլորի համար՝ Ձեզ հնարավորություն տալով ընտրել հենց այն տարբերակը, որ առավել համապատասխանում է հենց Ձեզ։
Ձեր վճարած գումարները չեն կորում, չեն փոշիանում, այլ ծառայում են տրանսպորտային համակարգի բարելավվմանը։ Քննարկումների արդյունքում որոշել ենք փետրվարի 1-ից ներդնել նոր ուղևորատոմս՝ մեկ ուղևորության արժեքը սահմանելով 150 դրամ։ Այս փոփոխությունը գործելու է ամբողջ 2025 թվականին։
Առաջարկվող մեկ ուղևորության համար սահմանված 150 դրամը հնարավոր է ենթարկվի փոփոխության յուրաքանչյուր տարվա համար առավելագույնը 10 դրամով՝ միմիայն շարունակական բարեփոխումների արդյունքում։
Նախատեսում ենք նաև հունվար և փետրվար ամիսներին ձեռք բերված անսահմանափակ փաթեթների ժամկետները երկարաձգել ևս մեկ ամսով, սա նշանակում է, որ եթե դուք գնել եք մեկ ամսվա փաթեթ, ապա ստանում եք հավելյալ մեկ ամիս»,- նշել է քաղաքապետը։
Տիգրան Ավինյանի խոսքով՝ սա նշանակում է, որ եթե գնել եք մեկամսյա փաթեթ հունվար կամ փետրվար ամիսներին, ապա ստանում եք միանգամից 2 ամսվա փաթեթ։ Եթե գնել եք եռամսյակային կամ տարեկան փաթեթներ, ապա ստանում եք հավելյալ մեկ ամիս։
«Անսահմանափակ փաթեթի օգտագործմամբ այլևս ստիպված չեք լինելու սպասել մեկ կոնկրետ ավտոբուսի։ Այս փաթեթը հնարավորություն է տալիս օգտվել մի քանի տրանսպորտային միջոցից, հեշտությամբ արագ հասնել նպատակակետին»,- հավելել է քաղաքապետը։