Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանը հայտնել է, որ երևանցիների առաջարկները հաշվի առնելով, միասնական տոմսային համակարգում փոփոխություններ կարվեն։
«Վերջին շրջանում միասնական տոմսային փաթեթների նոր սակագների վերաբերյալ քաղաքացիների արձագանքներն ու առաջարկություններն ուշադիր ուսումնասիրել ենք։
Մեր առաջնահերթությունն է ապահովել մեր քաղաքի բոլոր բնակիչների հարմարավետությունը և լսել յուրաքանչյուրի կարծիքը։
Այս հարցի շուրջ փոփոխություններ կատարելու նպատակով առաջիկա ավագանու նիստի ընթացքում կքննարկվեն սակագների կիրառման տրամաբանության վերանայման հնարավորությունները։
Այսպիսով, փետրվարի 11-ի Երևանի ավագանու հերթական նիստի ժամանակ առաջարկելու ենք հետևյալ փոփոխությունները՝
▫️10 ուղևորություն – 2000 ՀՀ դրամ՝ օգտագործման ժամկետը 45 օր, ներկայիս 2200 ՀՀ դրամի և 30 օրվա փոխարեն։
▫️300 ՀՀ դրամ՝ օգտագործման ժամկետը 180 րոպե, ներկայիս 90 րոպեի փոխարեն։
▫️1 օր – 900 ՀՀ դրամ՝ անսահմանափակ ուղևորություններ, ներկայիս 8 ուղևորափոխադրման սահմանափակման փոխարեն։
▫️7 օր – 5000 ՀՀ դրամ՝ անսահմանափակ ուղևորափոխադրումներ, ներկայիս 30 ուղևորափոխադրման սահմանափակման փոխարեն։
Հունվարի 1-ից գործում են նաև հետևյալ փաթեթները՝
▫️30 օր ֊ 9000 ՀՀ դրամ՝ անսահմանափակ ուղևորափոխադրումներ,
▫️90 օր ֊ 24000 ՀՀ դրամ՝ անսահմանափակ ուղևորափոխադրումներ,
▫️365 օր - 90000 ՀՀ դրամ՝ անսահմանափակ ուղևորափոխադրումներ։
Առաջիկայում Երևանի ավագանու նույն նիստի ընթացքում կհայտարարվի նաև այլ փոփոխությունների և լրացումների մասին, որոնք համակարգը երևանցիների համար ավելի հարմարավետ և արդյունավետ կդարձնեն»,- հայտնել է քաղաքապետ Ավինյանը։