Երևան

«Մեր հիմնական նպատակը պետք է լինի արտոնությունների արդար բաշխումը». Տիգրան Ավինյան

Երևանի վարչական շրջանների մասնաշենքերում (թաղապետարաններում) տրանսպորտային նոր սակագներից արտոնությամբ օգտվելու իրավունք ունեցող քաղաքացիները կարող են իրենց ֆիզիկական, անհպում վճարման հնարավորություն ունեցող բանկային քարտերով՝ ARCA, VISA, MASTER, նույնականացվել և արտոնյալ փաթեթը կցել բանկային քարտին։ 
Արտոնությամբ տոմս գնելու համար վարչական շրջանի մասնաշենք անհրաժեշտ է այցելել անձը հաստատող փաստաթղթով և հանրային ծառայության համարանիշով։
Նույն գործընթացը հնարավոր է իրականացնել նաև Telcell ընկերության սպասարկման կետերում, ինչպես նաև transport.yerevan.am կայքում։

***

Արտոնյալ խմբերում չընդգրկված քաղաքացիները տրանսպորտային քարտ այս պահի դրությանբ կարող են ձեռք բերել մետրոպոլիտենի 10 կայարանների ինքնասպասարկման տերմինալներից: Տերմինալից օգտվելու դժվարություն ունեցողները հունվարի 14-ից՝ ժամը 11:00-ից մինչև 16:00-ն և 20:00-ից մինչև 23:00 ընկած ժամանակահատվածում կարող են դրամարկղի աշխատակցի օգնությամբ ձեռք բերել քարտերը: Ժամային սահմանափակման նպատակը ծանրաբեռնված ժամերին ուղևորահոսքերի հետ գործընթացի համընկնելը բացառելն է: 
Նույն գործընթացը հնարավոր է իրականացնել նաև transport.yerevan.am կայքի միջոցով՝ ARCA, VISA, MASTER բանկային քարտերը կցելով (տրանսպորտային քարտ ձեռք բերել հարկավոր չէ):

***

Հարկ է նշել, որ տրանսպորտային քարտը լիցքավորումից հետո կակտիվանա մինչև 3 ժամվա ընթացքում. դա կապված է ծրագրային թարմացումների, բոլոր վալիդատորներին քարտ ձեռք բերելու, տոմսային փաթեթը կցելու, տեղեկատվությունը փոխանցելու հետ:

***

Հիշեցնենք, որ փետրվարի 1-ից գործելու են միայն տրանսպորտային քարտերով, բանկային քարտերով ու Telcell wallet-ով ձեռք բերված փաթեթները: 
Տերմինալների միջոցով հնարավոր կլինի ձեռք բերել միայն 90 րոպեանոց QR կոդով կարճաժամկետ տոմսեր: 

***

Անդրադառնալով արտոնությունների փաթեթին՝ քաղաքապետ Տիգրան Ավինյանը նշել է, որ հավելյալ արտոնյալ խմբերի և արտոնությունների չափի վերաբերյալ առաջիկայում քննարկումներ կլինեն: 
«Մեր հիմնական նպատակը պետք է լինի արտոնությունների արդար բաշխումը, որպեսզի բոլոր այն անձինք, ովքեր իրապես ունեն արտոնության կարիք, օգտվեն այդ հնարավորությունից: Տոմսային միասնական համակարգը, այո՛, անցումային բարդ գործընթաց է, մասշտաբային գործընթաց է,  և այս փուլում երևանցիների նույնիսկ այդ զայրույթի միջոցով աջակցությունը մենք նկատել ենք և էականորեն մեր հավաքագրումներն ավելացել են, և ես ուզում եմ շնորհակալություն հայտնել մարդկանց նաև ներողություն հայցել տեխնիկական տարատեսակ խնդիրների հետ կապված, որոնք ամենօրյա ռեժիմով լուծում ենք»,- ընդգծել է քաղաքապետը: 

***

Հիշեցնենք նաև, որ «Երևանի ավտոբուս» ՓԲԸ-ին անհրաժեշտ են «Դ» կարգի վարորդական իրավունք ունեցող վարորդներ՝ շարժակազմերը համալրելու համար։ 
 Հարկված (մաքուր) աշխատավարձերը. 
 «ՄԱՆ» – 401 500 ՀՀ դրամ, 
 «Ժոնգ Տոնգ» – 309 500 ՀՀ դրամ, 
 «Գազել Սիթի» – 219 500 ՀՀ դրամ։ 
 Աշխատանքային պայմաններին ծանոթանալու համար քաղաքացիները կարող են դիմել «Երևանի ավտոբուս» ՓԲԸ, ք. Երևան, Թևոսյան 9 հասցեով, աշխատանքային օրերին՝ ժամը 10:00 – 15:00 կամ զանգահարել 093 674480 հեռախոսահամարով։