Երևան

«Եթե տրանսպորտային արտոնությունից օգտվելու համար ուսանողի տվյալը բազայում չկա, ի՞նչ պետք է անի». քաղաքապետ

Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանը, գործակարգավարական խորհրդակցության ժամանակ անդրադառնալով միասնական տոմսային համակարգից օգտվող արտոնյալ խմբերի հարցին, հետաքրքրվեց, թե արդյոք transport.yerevan.am կայքում տվյալ անձինք կարող են գտնել իրենց տվյալները և ստանալ իրենց արտոնությունը։

Երևանի քաղաքապետի տեղակալ Սուրեն Գրիգորյանի խոսքով՝ Երևանի տրանսպորտում արտոնյալ կարգավիճակ ստանալու համար թվայնացված բազա ոչ բոլորի մասով կա․

«Այն մարդիկ, ովքեր իրենց տվյալները չեն գտնում, բայց վստահ են, որ արտոնյալ են, համապատասխան փաստաղթղթերով կարող են ներկայացնել օնլայն դիմում»:

Քաղաքապետն առաջարկեց խոսել բոլոր արտոնյալ խմբերի մասին առանձին-առանձին, քանի որ բազաները Երևանի քաղաքապետարանինը չեն, հետևաբար, հնարավոր է՝ հավելյալ տեղեկատվության  կարիք լինի։․

«Արտոնյալ կարգավիճակ ստանալու համար ուսանողները պետք է սպասեն մինչև հունվարի 20-ը: ԿԳՄՍ-ն հավաստիացրել է, որ մինչև հունվարի 20-ը բազաներն ամբողջությամբ համալրված կլինեն»,- ասաց Գրիգորյանը։

Տիգրան Ավինյանը հետաքրքրվեց՝ եթե ուսանողը ցանկանում է օգտվել արտոնությունից, բայց բազայում առկա չէ իր անունը ինչ պետք է անի՞։ Գրիգորյանը պատասխանեց, որ պետք է սպասի մինչև հունվարի 20-ը։

Քաղաքապետի տեղակալն ասաց, որ դպրոցականների հետ կապված խնդիր չեն նկատել։ Վստահեցրեց, որ թոշակառուների հետ կապված էլ խնդիր չկա։

Տիգրան Ավինյանը նաև նպաստառուների բազայի մասին հարցրեց, սակայն տեղեկացրին, որ այս մասով համակարգային խնդիր չկա, կա կետային խնդիր, որոնցով անհատական զբաղվում են։

Քաղաքապետը հայտարարեց՝ Transport.yerevan.am կայքում յուրաքանչյուր մարդ գրանցվելով կարող է ստանալ իր արտոնությունը, եթե նա որևէ արտոնյալ խմբի մեջ ներգրավված է: