Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանը գործակարգավարական խորհրդակցության ժամանակ խոսեց օդի աղտոտվածության խնդրի մասին՝ նշելով, որ ամռանը, աշնանն ու գարնանը օդի որակը լավ վիճակում էր.
«Ինչ վերաբերում է ձմեռային սեզոնին, այստեղ խնդիրներ են արձանագրվել։ Եվ այս խնդիրները ոչ թե նոր են առաջացել, այլ ամբողջական տվյալներ չեն եղել, այս ծավալի զտիչ սարքեր տեղադրված չեն եղել քաղաքում։ Երևանն աշխարհագրորեն ոչ շատ բարենպաստ դիրքում է գտնվում՝ օդի որակի տեսանկյունից, և մենք հավելյալ ջանքեր պետք է գործադրենք՝ համեմատած այլ քաղաքների։ Մի կողմ դրած մարդածին գործոնները, հենց նույն աշխարհագրական դիրքը ոչ այնքան բարենպաստ է, մասնավորապես, ծմեռային սեզոնին»,- հայտարարել է Տիգրան Ավինյանը։
Նրա խոսքով՝ օդի աղտոտվածության մարդածին գործոնների վերաբերյալ գործողությունների հստակ պլան պետք է ունենալ, և այդ քայլերը լինելու են ռադիկալ, լինելու են ոչ հաճելի ու պոպուլյար. «Բայց մարդկանց առողջությունը յուրաքանչյուր հին մեքենայի կամ որևէ հանքի շահագործումից կարևոր է»։