Երևան

Հունվարի 1-ից տրանսպորտի տոմսային համակարգի վճարումը՝ բացառապես անկանխիկ եղանակով

Աշխատանքային հերթական խորհրդակցության ժամանակ Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանը ներկայացրել է transport.yerevan.am կայքը, որի գործիքակազմը շարունակաբար ավելանալու է: Կայքի միջոցով քաղաքացիներն արդեն կարող են ծանոթանալ նոր տոմսային փաթեթներին, հաշվիչով հաշվարկել, թե որն է լինելու ամենամատչելի տոմսը, հանրային ծառայության համարանիշը մուտքագրելով էլ ստուգել՝ արդյո՞ք իրենք ներառված են արտոնյալ խմբում: Տոմսային միասնական համակարգի մասին առավել ամբողջական տեղեկություններ ստանալու նպատակով էլ քաղաքացիները կարող են օգտվել հաճախ տրվող հարցերի բաժնից:  

«Միասնական տոմսային համակարգի ներդրումը Երևանի քաղաքապետարանի թվային փոխակերպման շատ կարևոր մասն է, և ես ու մեր թիմը համոզված ենք, որ այսօր հնարավոր չէ առանց թվայնացման քաղաքացիներին իրապես որակյալ ծառայություններ մատուցել: Ուզում եմ տեղեկացնել նաև, որ transport.yerevan.am պորտալը Երևան համայնքի կողմից մատուցվող ծառայությունների միասնական հարթակի առաջին ծառայությունն է: Ի՞նչ է իրենից ներկայացնում թվային ծառայությունների միասնական հարթակը. երևանցիներն այստեղ ունենալու են իրենց անձնական գրասենյակը, բոլոր ծառայություններին հասանելիություն են ստանալու մեկ միջավայրում, մեկ օգտահաշվով, և անհրաժեշտություն չի լինելու այցելել տարբեր կայքեր, ունենալ տարբեր օգտահաշիվներ: Սա այն է, ինչ իրականացվում է արդեն բազմաթիվ զարգացած քաղաքներում: Ուզում եմ միասին այս ճանապարհով անցնելու մասին խոսել նաև, որովհետև ակնկալում եմ ոչ միայն, և մի գուցե ոչ այնքան ձեր գնահատանքը, այլև օբյեկտիվ քննադատություն և առաջարկներ պարունակող հետադարձ կապը»,-ընդգծել է քաղաքապետը:  

Կայքի միջոցով, ի դեպ, շատ շուտով հնարավորություն է լինելու ոչ միայն ծանոթանալ տոմսային փաթեթներին, այլև ձեռք բերել դրանք՝ կցելով սեփական բանկային քարտին որպես կրիչ, և անհրաժեշտություն չի լինի կանգնել հերթերում, ձեռք բերել ֆիզիկական կրիչներ, բնապահպանական տեսանկյունից ևս տրանսպորտային քարտերի լրացուցիչ քանակ չի առաջանալու:  Սա վերաբերելու է ինչպես սովորական օգտատերերին, որոնք որևէ արտոնյալ խմբում ներգրավված չեն, այնպես էլ  արտոնյալ խմբերում ներառված մեր քաղաքացիներին, որոնք կայքի միջոցով ստանալու են իրենց արտոնությունը:

«Այն տեղեկատվությունը, որը հիմք պետք է հանդիսանա արտոնությունը տրամադրելու համար, օրինակ, թոշակառու լինելու, հաշմանդամության որևէ խմբում ընդգրկված լինելու առումով, մենք ստանում ենք պատասխանատու տարբեր կառույցներից և ինքնուրույն տվյալներ չենք հավաքում: Ուստի, եթե անձինք իրենց արտոնությունը ստուգելիս կայքում տեղեկատվություն չգտնեն կամ համակարգը պատասխանի, որ արտոնյալ խմբում ներառված չեն, ապա պարտադիր կերպով պետք է դիմեն համապատասխան կառույցներին և այս ժամանակը օգտագործեն տվյալները թարմացնլու համար»,- նշել է փոխքաղաքապետ Սուրեն Գրիգորյանը: 

Հունվարի 1-ից, ի դեպ, անցում է կատարվելու տրանսպորտի տոմսային համակարգի բացառապես անկանխիկ վճարման եղանակի: 

«Դեռևս գործելու են նախկին սակագները։ Գործելու են նաև նոր տոմսային գործիքները։ Հունվարին պետք է ամբողջությամբ այս վերափոխումն  ապահովենք՝ հին մոդելից անցնելով նորի»,- ընդգծել է Տիգրան Ավինյանը։

***

Մասնավոր կազմակերպությունների կողմից «Հունդաի» մակնիշի փոքր դասի հին ավտոբուսներով սպասարկվող 9 երթուղիների (հհ. 6,8,27,39,42,44,46,47,57) աշխատանքը 2025թ. հունվարի 1-ից կդադարեցվի և դրանց շահագործումը կիրականացվի համայնքի կողմից ներկրված 171 նոր ավտոբուսներից 110-ով: