«Երևանի ավտոբուս» ՓԲԸ-ն բավական մրցունակ աշխատավարձ է առաջարկում։ Յուրաքանչյուրի ընտրության հարցն է՝ ուզո՞ւմ է մնալ և աշխատել որպես վարորդ, թե՞ չի ուզում, Հանրային հեռուստաընկերության եթերում հայտարարել է Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանը։
«Խոսք եմ տվել վարորդների աշխատավարձը բարձրացնել, իմ խոսքը պահել եմ։ Դա 2023 թվականին էր։ Որևէ այլ տեսակի խոստում ես չեմ տվել։ Վերջին քննարկումներն արտաժամյա աշխատանքի վճարումների մասին էին, որը հաստատել եմ՝ անպայման տրամադրելու ենք»,- նշել է քաղաքապետը։
Տիգրան Ավինյանն ընդգծել է, որ Հայաստանում կա D կարգ ունեցող շուրջ 50,000 վարորդ, այդ առումով քաղաքապետարանի հնարավորությունները բավականին լայն են։
«Մեր խնդիրն այն չէ, որ գործող վարորդներին փոխարինենք։ Բայց մենք չենք հանդուրժի նմանատիպ վերաբերմունք, կոմպրոմիս չի լինելու։ Մեր միակ առաջարկն այն է, որ վարորդները վերադառնան աշխատանքի»,- նշել է քաղաքապետը։
Ըստ Ավինյանի՝ տրանսպորտը վաղն աշխատելու է, հաճախականության տեսանկյունից հնարավոր է խնդիրներ լինեն։ «Եթե պետք լինի, անձնապես ավտոմեքենաներով կգնանք, մարդկանց էլ կոչ կանենք կանգառներից մյուսներին տեղափոխել»։