Պաշտոնական այցով ԱՄՆ այցելած Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանը հանդիպել է Լոս Անջելեսի գործընկերոջ՝ քաղաքապետ Քերըն Բասսի հետ:
Երկկողմ համագործակցության օրակարգում քաղաքապետներն առանձնացրել են տեղեկատվական տեխնոլոգիաների կիրառումը քաղաքային տնտեսության տարբեր ոլորտներում:
Կարևորելով Լոս Անջելեսի փորձն ու գրանցած հաջողությունները նշված գործընթացներում՝ քաղաքապետ Տիգրան Ավինյանը համոզմունք է հայտնել, որ այն կարող է օգտակար լինել նաև թվային վերափոխման ճանապարհով անցնող Երևանի համար:
Քաղաքապետ Քերըն Բասսն իր հերթին նշել է, որ Լոս Անջելեսը կանգնած է քույր քաղաք Երևանի կողքին և պատրաստ է իր փորձն ու «խելացի» լուծումները փոխանցել՝ նախաձեռնված բարեփոխումները կյանքի կոչելու համար:
Պաշտոնական հանդիպմանը հաջորդել է Փոխըմբռնման հուշագրի ստորագրման հանդիսավոր արարողությունը: Օրակարգում թվային վերափոխումն է:
Ստորագրված փաստաթղթով նախատեսվում է, որ համագործակցություն կծավալվի տեխնոլոգիաների օգտագործմամբ բարձրորակ ծառայություններ մատուցելու և «խելացի» լուծումներ մշակելու նպատակով: