Երևան

Երևանի ամանորյա ձևավորման համար նախատեսված է 549.7 մլն դրամ

«Ես համոզված եմ՝ եթե ուզում ենք համապատասխան տուրիստական հոսքեր ապահովել, եթե ուզում ենք՝ երևանցիները նոր տոնակատարություն ունենան, պետք է ամեն տարի ոչ թե բյուջետային առումով ավելին ծախսել, այլ՝ շարունակել թեկուզ նույն գումարը ծախսելով, ավելի ընդլայնել շրջանակը»,- հայտարարել է Երևանի քաղաքապետի տեղակալ Սուրեն Գրիգորյանը։ Նրա խոսքով, պետք է շարունակական ներդրումներ իրականացնել, որպեսզի տարածաշրջանի մակարդակով ձեռքբերում ունենալ։

Գրիգորյանը մի քանի ցուցանիշ է հրապարակել։

2022-23թթ ծախսվել է 590 մլն 999 հազար դրամ. «Սա այն տարին էր, երբ շատ գումար ներդրեցինք, սարքավորումներ ձեռք բերեցինք, որոնք արդեն երրորդ տարին է՝ օգտագործում ենք»,- ասել է նա։

2023-24թթ ծախսվել է 626 մլն 926 հազար դրամ. «Անցած տարի էլ ձեռք ենք բերել Սուրբ ծննդյան տոնավաճառի տնակները, որ անցյալ տարի էլ ենք օգտագործել, այս տարի էլ ենք օգտագործում»,- նշել է նա։

Գրիգորյանը շեշտել է, որ այս տարի ավելի քիչ գումար է նախատեսված ծախսել, քան նախորդ տարի. «Այս տարի ծախսելու ենք 549 մլն 706 հազար դրամ»։

Նրա խոսքով, այս տարի ցանկացել են թարմացնել գլխավոր տոնածառը, սակայն մրցույթը չի կայացել. «Մենք հիմա 18 մլն դրամ ենք ծախսում, որոշ խաղալիքներ ենք ձեռք բերելու, որ տոնածառի տեսքը ապահովենք։ Նախորդ տարի մի հատված կար, որ լայն հանրությունը չէր նկատել, ես նկատել եմ՝ ճյուղերը նոսրացել էին»։ Ըստ նրա, հիմա 18 մլն դրամով այդ հարցը կլուծեն. «Բայց եկող տարի ամբողջությամբ կթարմացնենք»։ Գրիգորյանը շեշտել է, որ նոր տոնածառ չեն գնելու, այլ օգտագործվելու է 2018թ. գնվածը։