Երևանի փոխքաղաքապետ Սուրեն Գրիգորյանն անդրադարձել է մարզերում ապրող թոշակառուների, հաշմանդամություն ունեցող անձանց, բազմազավակ ընտանիքների և նպաստառուների, ինչպես նաև Երևանում ապրող, բայց մարզերում գրանցված թոշակառուների, հաշմանդամություն ունեցող անձանց, բազմազավակ ընտանիքների, նպաստառուների՝ տրանսպորտի սակագների արտոնություններից օգտվելու վերաբերյալ հարցին։
Գրիգորյանը նշել է, որ ամբողջ տրամաբանությունն այն է, որ հաշվառման և բնակվելու վայրը պետք է համընկնեն, իսկ այն անձը, որը բավական երկար ապրում է Երևանում, բայց հաշվառման վայրը մայրաքաղաքում չէ, այդ հարցը հեշտ լուծելի է հաշվառման վայրը փոխելու ճանապարհով։
«Մեր տրամաբանությունը եղել է այն, որ ավելի մատչելի սակագները կամ արտոնությունները տրամադրվելու են Երևան քաղաքի բյուջեի հաշվին, ապա տրամաբանական է, որ տրամադրվի այն անձանց, ովքեր ենթադրաբար մասնակցում են Երևան քաղաքի բյուջեի համալրմանը՝ բացառությամբ մարզերից մայրաքաղաքում սովորող ուսանողների»,- ասաց Գրիգորյանը։