Երևան

«Մի ոգևորվեք ու հանգստացեք». ավագանու նիստը լարվեց

Երևանի ավագանու նիստում կրքերը թեժացան «Հանրապետություն» խմբակցության ղեկավար Անի Խաչատրյանի ելույթից հետո, երբ նա, ընդդիմադիր խմբակցություններին անդրադառնալով, ասաց. «Դուք դասական խաբեբաներ եք, անուղղելի շառլատաններ»։

Ընդդիմադիր խմբակցություններից հակադարձեցին՝ ոտքի կանգնելով ու բարձրաձայն բղավելով։ Քաղաքապետ Տիգրան Ավինյանը նկատողություն հայտարարեց ավագանու անդամներ Անի Խաչատրյանին ու Մանուկ Սուքիասյանին։ «Մի ոգևորվեք ու հանգստացեք բոլորդ»,- իրավիճակը փորձեց հանգստացնել Տիգրան Ավինյանը։

«Մի անցեք այդ լեքսիկոնին, մի վիրավորեք իրար, Երևան քաղաքը մեզ է նայում, և իրապես շատ տգեղ է սա դիտվում ու խոսում է բոլորի մասին»,- ասաց քաղաքապետը՝ հավելելով․ «Խնդրում եմ զերծ մնալ նմանատիպ խոսույթից, պիտակավորումներից ու իրար նկատմամբ լինել հարգալից։ Խոսքը կարող է լինել քաղաքական, սուր քաղաքական, բայց կոռեկտ»։

Ավագանու նիստը շարունակվում է։