Երևան

«Նախագիծն ուղղված է խմբերին, որոնք իրապես կարիք ունեն». Սուրեն Գրիգորյան (ՏԵՍԱՆՅՈՒԹ)

Երևանի ավագանին քննարկում է հանրային տրանսպորտից օգտվողների արտոնությունների փաթեթը։ Դեռևս գարնանը հայտարարվել էր, որ մինչև միասնական տոմսային համակարգի ամբողջական գործարկումը նաև արտոնությունների փաթեթ է ներկայացվելու։

Քաղաքապետի տեղակալ Սուրեն Գրիգորյանը նշեց, որ նախագծի ընդունման պարագայում արտոնությունները կվերաբերեն ամսական, եռամսյակային, տարեկան և 10 ուղևորությունների տոմսային փաթեթներին։

«Նախատեսվում է, որ մինչև 7 տարեկան երեխաների համար հանրային տրանսպորտի ծառայությունը անվճար մատուցվի, դպրոցականների՝ 8-18 կամ 17 տարեկանների համար 20% մատչելի, միակողմանի կամ երկկողմանի ծնողազուրկ դպրոցականների համար՝ անվճար, 63 տարեկանը լրացած թոշակառուներին 30%, ուսանողներին՝ անկախ հաշվառման վայրից, 15%, միակողմանի կամ երկկողմանի ծնողազուրկ ուսանողներին՝ անվճար, հաշմանդամություն ունեցող անձանց 1-ին կամ 2-րդ խմբի կամ, նոր դասակարգմամբ, խորը կամ ծանր՝ անվճար, պետական խնամքի կենտրոններում՝ ծերանոցներում կամ մանկատներում գտնվող անձանց անվճար, նպաստառուներին, որոնք համապատասխան կարգավիճակ ունեն և որոշակի աջակցություն են ստանում պետությունից, «Փարոսի» շահառու են՝ 20%, նախկին ԽՍՀՄ հերոսներ, Հայաստանի ազգային հերոսներ, սոցիալիստական աշխատանքի հերոսներ, Մարտական խաչի 1-ին և 2-րդ աստիճանի և փառքի 3 աստիճանի շքանշաններով պարգևատրված անձանց՝ անվճար, ինչպես նաև բազմազավակ ընտանիքների ծնողներին՝ 4 և ավելի երեխաներ ունեցողներին, նույնպես անվճար»,- ասաց Գրիգորյանը։

Նրա խոսքով՝ նախագիծն ուղղված է գլխավորապես փոփոխվող սակագնի պայմաններում այն խմբերին, որոնք իրապես դրա կարիքն ունեն կամ ունեն համապատասխան վաստակ Հայաստանի առաջ։

Մանրամասները՝ տեսանյութում