Երևան

«Երևանի ավտոբուս» ՓԲԸ-ի հասույթն ավելացել է 24 մլն 700 հազար դրամով

Նոյեմբերի 1-7-ն ընկած ժամանակահատվածում 2 մլն 131 հազար 746 ուղևորից 578 հազար 22-ը օգտվել է տոմսային համակարգից: Նախորդ շաբաթվա համեմատ «Երևանի ավտոբուս» ՓԲԸ-ի հասույթն ավելացել է 24 մլն 700 հազար դրամով:  
***
Նոյեմբերի 1-ից հասարակական կարգի պահպանության ծառայության կողմից սահմանվել է ընթացիկ հսկողություն՝ Երևան քաղաքի հասարակական տրանսպորտի շահագործման ընթացքում քաղաքացիների կողմից նշված ծառայությունից օգտվելու ժամանակ համապատասխան վճարն ըստ սահմանված ձևի կատարելու նպատակով: Ստուգումներով արձանագրվել է, որ հիմնականում խնդիրներ են առաջանում մանրադրամի, վալիդատորների, ինչպես նաև վարորդների կողմից առանց համապատասխան վճարի ուղևորափոխադրումներ կազմակերպելու պատճառով: Հանձնարարվել է մշակել իրավական լուծումներ, որպեսզի միասնական տոմսային համակարգի ամբողջական ներդրումից հետո առանց համապատասխան վճարի ուղևորափոխադրման պարագայում ծառայությունը կարողանա վարչարարություն իրականացնել: 
***
Նախորդ շաբաթվա ընթացքում քանդվել է 8 ինքնակամ շինություն: 
***
Վարդաշենի 6-րդ փողոց 66/1 և 68ա 4-րդ կարգի վթարային շենքերում ապրում է շուրջ 180 ընտանիք: Բնակիչներին վերաբնակեցնելու նպատակով, քանի որ համայնքը համապատասխան բնակելի ֆոնդ ու ֆինանսական միջոցներ չունի, քաղաքապետարանը դիմել է կառավարության աջակցությանը՝ պետական բյուջեում համապատասխան գումար նախատեսելու առաջարկով: Նախնական հաշվարկներով կպահանջվի 3.2 մլրդ դրամ:  
***
«Տորք Անգեղ» հուշակոթողի հարակից տարածքի բարեկարգումն ընթացքում է: Հանգստի գոտին կառանձնանա արդիական ու հետաքրքիր լուծումներով: