Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանն ԱԺ տարածքային կառավարման, տեղական ինքնակառավարման, գյուղատնտեսության և շրջակա միջավայրի պահպանության ու Ֆինանսավարկային ու բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովների համատեղ նիստում ներկայացրել է Երևան քաղաքի եկամուտներն ու պլանավորվող ծախսային ուղղությունները:
2024 թվականին Երևան քաղաքի սեփական եկամուտները պլանավորվել էին 61 մլրդ 514 մլն դրամ՝ 2023 թվականի 38 մլրդ 799 մլնի դիմաց: 2025 թվականին Երևան քաղաքի համար պլանավորվում է մոտավորապես 90 մլրդ 234 մլն դրամ եկամուտների ապահովում: Հավելյալ դոտացիան կկազմի 9,5 մլրդ դրամ, պատվիրակված լիազորությունները՝ 58 մլրդ դրամ, վարկեր-դրամաշնորհներ հատվածը՝ 13,4 մլրդ դրամ, պետության կողմից նպատակային հատկացումներ-սուբվենցիաները՝ 1 մլրդ 133 մլն դրամ, Երևան համայնքի վարկեր-դրամաշնորհները՝ 1 մլրդ դրամ և ֆոնդային մուտքերը՝ մոտավորապես 8 մլրդ դրամ:
Ծախսային ուղղություններին անդրադառնալով՝ քաղաքապետը նշել է, որ նախատեսվում են մեծածավալ բակային աշխատանքներ, կապիտալ շինարարական բազմաթիվ ծրագրեր: Հաջորդ տարի նախատեսվում է մետրոյի շարունակական վերանորոգման ծրագիրը, առկա են միջոցներ Աջափնյակի կայարանի համար: Տիգրան Ավինյանի խոսքով պահպանվել են բոլոր ընթացակարգերը՝ պարզ փորձաքննության, համալիր փորձաքննության, և միջազգային չափորոշիչներին համապատասխան մրցույթի կազմակերպմամբ հաջորդ տարվա հոկտեմբեր-նոյեմբեր ամիսներին մրցույթի հաղթող կճանաչվի:
«Երևան քաղաքի եկամուտների շարունակական ավելացումը հնարավորություն է տալիս էականորեն մեծացնելու կապիտալ շինարարության ծավալը, վերանորոգվող ու հիմնանորոգվող փողոցների քանակն ու ծավալը, հիմնանորոգվող ու նոր կառուցվող մանկապարտեզների քանակը»,- ընդգծել է քաղաքապետն ու կարծիք հայտնել, որ 2023 թվականին հաջորդող հնգամյակում Երևան քաղաքում որևէ չհիմնանորոգված մանկապարտեզ չի լինելու և նման տեմպերով գրեթե բոլոր ճանապարհներին անդրադարձ կլինի:
Պատգամավորների հարցադրումները վերաբերել են Երևան քաղաքի գծանշման աշխատանքներին, վարորդների կողմից մի շարք խախտումների անթույլատրելիությանը, բակային տարածքների բարեկարգման աշխատանքների որակին, Կոնդ թաղամասի վերականգնմանը և քաղաքային այլ խնդիրների:
«Փոքր կենտրոնում էական փոփոխություններ են լինելու ավտոմեքենաների և, մասնավորապես, հանրային տրանսպորտի հոսքերի կառավարման տեսանկյունից: Ավտոբուսային գծերն ավելանալու են, ավելանալու են միակողմանի ռեժիմով աշխատող փողոցները, սա վերաբերելու է գրեթե բոլոր վարչական շրջաններին: Ավտոբուսային գծերը լինելու են հատուկ կահավորված, առանձնացված հատվածներ, որտեղ այլ մեքենաների մուտքն առհասարակ դժվար է լինելու»,- տեղեկացրել է Երևանի քաղաքապետը:
Մանկապարտեզների համար հերթագրված երեխաների թվի դինամիկայի մասով հարցին ի պատասխան՝ Տիգրան Ավինյանը նշել է. «Քանի դեռ ակտիվ հիմնանորոգման փուլում ենք, մանկապարտեզներում հերթերը շարունակվելու են: Կարևորն այն է, որ հիմնանորոգված յուրաքանչյուր մանկապարտեզում ավելի մեծ խմբեր են ստեղծվում: Այսինքն՝ ամեն նոր հիմնանորոգվող մանկապարտեզ ավելի շատ երեխա է կարողանում ընդունել»:
Երևանում խցանումների խնդիրը կարգավորվելու է հանրային տրանսպորտի որակի բարելավմամբ: Նման կարծիք է հայտնել քաղաքապետը հարցի առնչությամբ և հավելել. «Մեր հիմնական նպատակը հանրային տրանսպորտի որակի բարելավումն է, որ մարդիկ կամավոր հրաժարվեն մեքենաներից և օգտվեն հանրային տրանսպորտից: Որևէ այլընտրանք այս ճանապարհին չի կարող բերել քաղաքային միջավայրի գրագետ զարգացման: Եվրոպական բոլոր քաղաքները գնում են այս ուղղությամբ»: