Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանը թվարկել է քաղաքի բյուջեի միջոցներով իրականացված աշխատանքները. «Ես չխոսեցի այս տարի գնված 171 նոր ավտոբուսի մասին, որի վրա ծախսել ենք 7.6 մլրդ դրամ, չխոսեցի 1.8 մլրդ դրամ ծախսված միջոցների մասին, որով գնել ենք 15 տրոլեյբուս, չխոսեցի 180-ից ավել բակային տարածքների մասին, որ ամենօրյա ռեժիմով բարեկարգվում են, ու ավարտված աշխատանքներն ավելանում են, նախկին տարատեսակ շինություններով, ավտոտնակներով պատված բակերը վերածվում են երեխաների համար ֆուտբոլի դաշտերի։ Ես չխոսեցի շատ ու շատ այլ ծրագրերից, որ իրականացնում է Երևանի քաղաքապետարանը»,- ասել է նա։
Քաղաքապետն անդրադարձել է մայրաքաղաքի կենտրոնի փողոցների բեռնաթափմանը. «Կարող եմ վստահեցնել՝ կլինեն փողոցներ, որոնք, անգամ եթե 5 անգամ կայանատեղիի գինը բարձրանա, այնտեղ միշտ հերթ է լինելու, և կայանատեղիի խնդիր է լինելու»։
Նա նշել է, թե իրենց խնդիրն անհատական մեքենաների համար հարմարություններ ստեղծելը չէ. «Մեր խնդիրը հանրային տրանսպորտի ռեֆորմն է և հանրային տրանսպորտի համար առաջնահերթություն ստեղծելը, և մենք ամեն ինչ անում ենք այդ ուղղությամբ»։