Երևան

«Մենք չենք ուզում վերադարձ նախկին վատ շարժակազմին». Տիգրան Ավինյան

Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանը խորհրդարանում լրագրողների հետ ճեպազրույցում ասել է, որ հանրային տրանսպորտն ու դրա որակը գերակա է. «Մենք չենք ուզում վերադարձ դեպի նախկին վատ համակարգեր, նախկին վատ շարժակազմեր։ Մենք չենք ուզում մաշված վատ շարժակազմեր ունենալ նաև ապագայում, և միակ խնդիրը, որ լուծում ենք, հանրային տրանսպորտի որակն է»,- ասել է նա։

Ըստ քաղաքապետի՝ նման մասշտաբի ամեն ռեֆորմ ունի ադապտացիոն շրջան. «Որևէ մեկս երբ որևէ բան սովորում ենք, որոշակի ժամանակ է պահանջում։ Ինչո՞ւ ենք այս աշխատանքներն սկսել 2 ամիս շուտ․ որպեսզի ձեր մատնանշած բոլոր խնդիրներն ի հայտ գան, և այդ խնդիրները 2 ամսում կարողանանք լուծել»։

Ըստ նրա՝ 30 տարի քաղաքացիները վճարել են նույն 100 դրամը. «Այսօր ունենք MAN ավտոբուսներ, 8.5 մետրանոց Zhong thong ավտոբուսներ, և, ընդհանուր առմամբ, ամբողջապես փոփոխված շարժակազմ, ու այս տարի ևս 171 նոր ավտոբուս ենք գնել։ Այս փոփոխությունները որոշ մարդկանց կողմից, որոնք դեռ սովոր չեն այդ սարքերին, քննադատվում են, ինչն ընդունելի է, և մենք այդ քննադատության ընթացքում իրականացնում ենք շտկումներ։ Բայց մեր գերխնդիրն է, որ ունենանք ամբողջապես նորացված համակարգ, որը պետք է դառնա անփոխարինելի․ վերադարձ չպետք է ունենանք հին «Գազել»-ներին»,- ասել է քաղաքապետը։

Տիգրան Ավինյանի խոսքով՝ առաջիկա երկու ամսում լինելու են դժվարություններ. «Ես ներողություն եմ խնդրում երևանցիներից այս դժվարությունների համար, բայց վստահեցնում եմ՝ ճանապարհը, որ միասին անցնելու ենք, բերելու է միայն ավելի լավ որակյալ տրանսպորտային համակարգի»։

Ըստ նրա՝ բանկային քարտերով նույնպես հնարավոր է լինելու վճարել ուղեվարձի համար, նաև՝ տրանսպորտային քարտեր են լինելու։

Քաղաքապետն ուշադրություն  է հրավիրել այն հանգամանքի վրա, որ անգամ այս բոլոր խնդիրների պարագայում, երբ ոչ բոլորն են կարողացել վճարել, շատ ավելի մեծ գումար է հավաքագրվել, քան նախկինում էր։