Երևան

«Շաբաթ և կիրակի օրերին հասույթը համապատասխանաբար 5 և 4 մլն դրամով ավելացել է». Գրիգորյան (ՏԵՍԱՆՅՈՒԹ)

Նոր ձեռքբերված 171 միավոր Zhong Tong մակնիշի ավտոբուսներն արդեն Երևանում են. այսօր Երևանի քաղաքապետարանի գործակարգավարական խորհրդակցության ժամանակ զեկուցեցին քաղաքապետ Տիգրան Ավինյանին։

Երևանի քաղաքապետի տեղակալ Սուրեն Գրիգորյանն էլ մանրամասնեց, որ նոյեմբերի 1-ից ուժի մեջ մտած գործընթացն ամբողջական հանրային տրանսպորտի համալիր բարեփոխման ծրագրի և միասնական տոմսային համակարգի ներդրման մաս է և, ընդհանուր առմամբ, ուղղված է ավելի թափանցիկ դարձնելու ուղեվարձի վճարման և հանրային տրանսպորտից քաղաքակիրթ օգտվելու գործընթացը։

«Ուրբաթ օրվա դրությամբ, երբ շատ քաղաքացիներ օբյեկտիվորեն դեռ տեղեկացված չէին համակարգի տրամաբանության մասին, այնուամենայնիվ, օրական հասույթն արձանագրել ենք նախորդ ժամանակահատվածի համար բավականին բարձր, իսկ շաբաթ և կիրակի օրերին համապատասխանաբար 5 և 4 մլն դրամով ավելացել է»,- ասաց Սուրեն Գրիգորյանը՝ ընդգծելով, որ չեն խուսափել նաև խնդիրներից։

Գրիգորյանը շնորհակալություն հայտնեց քաղաքացիներից ըմբռնման համար և ներողություն խնդրեց առաջացած տեխնիկական խնդիրների պատճառով։