Երևան

Հայտարարվում է Միսաք Մանուշյանի կիսանդրին ստեղծելու նախագծերի բաց մրցույթ

Երևանի քաղաքապետարանը հայտարարում է Միսաք Մանուշյանի կիսանդրին ստեղծելու նպատակով նախագծերի ներկայացման բաց մրցույթ։ Մանուշյանի ստեղծվելիք կիսանդրին իր պատվանդանով նախատեսվում է տեղադրել նրա անունը կրող այգում, որի հիմնարկեքի արարողությունը տեղի կունենա 2025 թվականին:

Հայտատուներից պահանջվում է պատրաստել արձանի մանրակերտը, լուսանկարել մանրակերտը երեք դիրքից և, անհրաժեշտ հայտաձևն ուղարկելով համապատասխան էլ-հասցեին, փաթեթը ներկայացնել մրցույթին: Հայտերը անանուն կներկայացվեն մրցութային հանձաժողովին, որից հետո տեղի կունենա մանրակերտերի ցուցադրությունը և գնահատումը:

Հաղթող ճանաչված հայտի հեղինակին կտրամադրվի դրամական պարգև, և մանրակերտի հիման վրա հուշարձանը կիրականացվի, իսկ երկրորդ և երրորդ տեղերը զբաղեցրած հայտատուներին կտրամադրվի խրախուսական մրցանակ (մրցույթը չչեղարկելու պարագայում): Յուրաքանչյուր հայտատու կարող է ներկայացնել 1 մանրակերտի տարբերակ:

Մրցութային պայմաններ

Մանրակերտը պետք է լավագույնս ներկայացնի Միսաք Մանուշյանին՝ ընդգծելով վերջինիս կերպարը։ Մանրակերտն իր պատվանդանով պետք է ներդաշնակի տեղադրման վայրին։ Անհրաժեշտ տեսանելիությունն ապահովելու համար պետք է հաշվի առնել հուշարձանի և դիտողի միջև հեռավորությունը, արձանի դիմահայաց դիրքի ընտրությունը, պատվանդանի բարձրությունը, արձանի լայնությունն ու բարձրությունը։ Կիսանդրին, պատվանդանն ու քանդակի նյութը պետք է համահունչ լինեն ընդհանուր միջավայրին և վերջինիս գեղագիտությանը:

Մրցութային հանձնաժողովին ներկայացվող նյութեր (առաջին փուլ)

●    Լրացված հայտաձև,
●    Մանրակերտի առնվազն եռադիրք լուսանկարներ:

Ցուցադրությանը ներկայացնելու համար (երկրորդ փուլ)

●    Գիպսից կամ պլաստիլինից պատրաստված մանրակերտ՝ ներառյալ պատվանդանը և պլանշետը։ 

Ժամանակացույց

Առաջին փուլ․ համաձայն մրցույթի պայմանների՝ պետք է լրացված հայտաձևն ու մանրակերտի լուսանկարներն ուղարկել mshakuyt.dramashnorh@yerevan.am էլ-հասցեին։ Վերջնաժամկետ՝ 28.02.25-ը ներառյալ։

Երկրորդ փուլ․ առաջին փուլը հաղթահարած հայտատուները (կտեղեկացվի նախապես) պետք է հուշարձանի մանրակերտը/երը ներկայացնեն հանձնաժողովի գնահատմանը: Ցուցահանդեսը տեղի կունենա Երևանի քաղաքապետարանում։ Ցուցադրության օր՝ 07.03.25թ․։

Հաղթող հայտատուի և մրցանակակիրների հայտարարում՝ 07.03.25թ․։ Հուշարձանի իրականացման աշխատանքների ժամանակացույց՝ 07.03.25թ․-30.08.25թ․։ Հուշարձանի հիմնարկեքի արարողություն
01.09.25թ․։ 

Մրցանակ

Ներկայացված լավագույն մանրակերտի հայտատուն կպարգևատրվի 1,5 միլիոն դրամով, իսկ երկրորդ և երրորդ տեղերն զբաղեցրած մասնակիցները՝ համապատասխանաբար՝ 1 միլիոն և 500,000 դրամով (մրցույթի չչեղարկման պարագայում):

Հավելյալ տեղեկատվություն

Մանրամասների համար զանգահարել 011514197 հեռախոսահամարին: