«Փետրվարին մեկնարկեցին շուրջ 5000 մ² տարածք զբաղեցնող, տասնամյակներ շարունակ տարատեսակ կրպակներով, կիսագործող սրճարաններով, չգործող կարուսելներով ծանրաբեռնված Մերգելյանի այգու բարեկարգման աշխատանքները». այսօր Մերգելյանի հիմնանորոգված պուրակի բացմանը հայտարարեց Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանը։
Քաղաքապետի խոսքով՝ իրականացվել են ապօրինի կառույցների ապամոնտաժման, քանդման աշխատանքներ. «Այգու տարածքը բարեկարգվեց, կանաչապատվեց, կառուցվեց նոր խաղահրապարակ, զրուցատաղավար, ամֆիթատրոն, տեղադրվեցին նոր նստարաններ, շատրվաններ, վերանորոգվեց ցայտաղբյուրը։ Այսօր էլ մենք միասին կտնկենք մոտ 70 գեղազարդ և շատ գեղեցիկ նոր ծառ»,- ասաց Տիգրան Ավինյանը՝ հավելելով, որ Մերգելյանի այգի տեղափոխվեց ճարտարապետ Արզումանյանի գլուխգործոցը՝ «Լեռնցիների պարը» արձանախումբը։
Այնուհետև քաղաքապետը շնորհակալություն հայտնեց այն անձանց, որոնք սրտացավ են եղել այս ծրագիրն իրականացնելու ժամանակ, ինչպես նաև բոլոր նրանց, ովքեր ներգրավված են եղել այս գործընթացում։