Երևան

«Ծառերը տարօրինակ շատ արագ են աճել, չգիտեմ՝ ինչ եք արել». քաղաքապետ (ՏԵՍԱՆՅՈՒԹ)

Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանն անդրադարձել է մայրաքաղաքի ծառերի փոխարինման ծրագրին, որ ժամանակին քննադատության էր արժանացել․ «Այս տարի մեր տնկած ծառերը, երևի չեմ չափազանցնի, արդեն իսկ իրենց կանաչ սաղարթով նախկին մեծ ծառերի չափ են։ Նախկին ծառերի չափ կանաչ սաղարթ ունեն»,- ասել է նա՝ հավելելով, որ Երևանում կենսունակ ծառեր չեն կտրվում, այլ՝ փոխարինվում են միայն նրանք, որ կենսունակության ավարտին են մոտեցել կամ չորացել են. «Տարօրինակ շատ արագ են աճել, անկեղծ ասած՝ չգիտեմ՝ ինչ եք արել։ Չեմ ուզում հարցնել, հուսով եմ՝ ոչ մի վտանգավոր բան»,- կատակել է քաղաքապետը։ Նա շեշտել է, որ արդյունավետ աշխատանք է իրականացվել։

«Կանաչապատում և շրջական միջավայրի պահպանություն» ՀՈԱԿ-ի տնօրեն Արմեն Բեգոյանն էլ հավելել է, որ տեղադրվել են 10 տարեկան ծառեր. «Այն խոսույթը, որ տասնամյակներ են պետք, որ ծառերը սաղարթ ձևավորեին ու ստվեր ապահովեին, ինչպես ասել ենք, կրկնում եմ՝ չի համապատասխանում իրականությանը»։