Երևան

«Մենք էլ խնդրում ենք աջակցել մեզ այդ գործում». Տիգրան Ավինյան (ՏԵՍԱՆՅՈՒԹ)

«Գնված ամեն նոր շարժակազմի հետ ծախսերը շարունակելու են ավելանալ: Այս տարի գնել ենք 171 նոր ավտոբուս և 15 նոր տրոլեյբուս և դեռևս պետք է շարունակենք այդ ծրագիրն իրականացնել: Նվազագույնը նոյեմբերի 1-ից մենք խնդրում ենք, որ տրանսպորտից օգտվելիս վճարման 2 եղանակ օգտագործեք». այսօր Երևանի քաղաքապետարանի գործակարգավարական խորհրդակցության ժամանակ հայտարարեց քաղաքապետ Տիգրան Ավինյանը։

«Առաջին եղանակը 100 դրամանոց մետաղադրամ ունենալն է, որը ձեզ թույլ կտա միանգամից սարքից օգտվելով 100 դրամը թողնել այնտեղ և օգտվել տրանսպորտից։ Երկրորդը՝ միասնական տոմսային համակարգի նախնական մասնիկն է՝ էլեկտրոնային տոմսը, որը կարող եք գնել տերմինալներից QR կոդով»,- ասաց քաղաքապետը։

Ըստ նրա՝ ամենահարմար ձևը հեռախոսով սմարթֆոնից օգտվելն է՝ այս պահին առկա Թելսելի հնարավորությամբ։ 

«Սա օգնելու է շահույթների շարունակական աճ ապահովել, խուսափել ստվերից և անցումը միասնական տոմսային համակարգին շատ ավելի դյուրին է դարձնելու։ Եվ եթե ուզում ենք Երևան քաղաքում ունենալ շարունակական զարգացող հասարակական տրանսպորտ, մենք էլ խնդրում ենք ձեզ աջակցել մեզ այդ գործում և սկսել օգտվել կամ տոմսային համակարգից, կամ միշտ ունենալ 100 դրամանոց մետաղադրամ, որը կգցեք սարքի մեջ»,- ասաց նա։