Երևան

Հորդառատ անձրևներին ընդառաջ Երևանի վարչական շրջաններում սահմանվելու է հերթապահություն

Երևանի քաղաքապետի մամուլի քարտուղար Հայկ Կոստանյանը հայտնել է.

«Համաձայն «Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոն» ՊՈԱԿ-ի տարածած հաղորդագրության՝ հոկտեմբերի 16-ի ուշ երեկոյան և 17-ին, 17-ի լույս 18-ի գիշերը սպասվում են հորդառատ անձրևներ։

Մասնավորապես Երևանում՝ հոկտեմբեր ամսվա նորմայի 100-150 տոկոսի չափով։

Ըստ այդմ, ինչպես «Վեոլիա ջուր» ընկերության, այնպես էլ Երևանի քաղաքապետարանի կողմից՝ որպես գործընկեր կառույց, մեկնարկել են սպասվող տեղումների հետևանքները մեղմելու կանխարգելիչ միջոցառումներ, որոնց ներգրավված է լինելու նաև Երևանի քաղաքապետարանի կոմունալ տնտեսության վարչությունը։

Վարչական շրջաններում այսօր երեկոյից սահմանվելու են հերթապահություններ՝ տեղերում հնարավոր ջրականգերին արագ միջամտելու և լոկալ բնույթի խնդիրները վերացնելու նպատակով։

Հեղեղատարներում և անձրևընդունիչներում հնարավոր կուտակումներից զերծ մնալու համար, որպես աջակցություն, գործընթացում ներգրավվելու են նաև «Երևանի աղբահանության և սանմաքրման համայնքային հիմնարկի» մարդկային ռեսուրսները։

Աշխատանքներին նաև մասնակցելու են «Կանաչապատում և շրջակա միջայրի պահպանություն» ՀՈԱԿ-ի ուժերը։

Վարորդներին հորդորում ենք տեղումների ժամանակահատվածում անձնական օգտագործման մեքենաներով երթևեկել միայն խիստ անհրաժեշտության դեպքում»,- գրել է նա ֆեյսբուքի իր էջում։