Երևանի ավագանու նիստում «Ազգային առաջընթաց» խմբակցության անդամ Իզաբելլա Աբգարյանն անդրադարձել է մայրաքաղաքի տրանսպորտի վճարման համակարգին․ «Լսում եմ «քաղաքակիրթ» բառը, քաղաքակիրթ վճարման եղանակի անցնելը»,- ասել է նա՝ նշելով, որ այժմ Երևանում տոմսային համակարգը քաղաքակիրթ չէ. «Սա տոմս չէ, կտրոն է, թուղթ է, որի ներկը ջնջվում է, փչանում է, ճմրթվում է»,- ասել է նա՝ որպես քաղաքակիրթ վճարման եղանակ բերելով Փարիզի և Թբիլիսիի մետրոների տոմսերը. «Դուք չեք կարողացել ապահովել ոչ քարտեր, ոչ անհպում NFC-ով վճարում, բայց ասում եք՝ քաղաքակիրթ վճարում»։
Երևանի փոխքաղաքապետ Սուրեն Գրիգորյանն արձագանքել է քննադատություններին՝ նշելով. «Սկսեմ բազմաթիվ քննադատությունների՝ երևի միակ ճիշտ հատվածից, որ մեկ վալիդատորը չի բավականացնում։ Այդ արձանագրումն անելով՝ մենք նախաձեռնել ենք երկրորդ վալիդատորի ձեռքբերման գործընթաց։ Բայց եթե պատճառներն ուզում եք հասկանալ, թե ինչու, օրինակ, ի սկզբանե ծրագիրը չի նախատեսել երկու վալիդատոր, կարող եք նայել նախկին քաղաքապետ Հայկ Մարությանի ժամանակները, երբ ներկայացնում էր, ասում՝ ավտոբուս մտնում են առջևի դռնից»,- ասել է նա՝ Աբգարյանին կոչ անելով գործընկերոջը հարցնել՝ կյանքում տրանսպորտ նստե՞լ է․ «Գիտեր՝ հնարավոր է միայն առջևի դռնից նստել»։