Երևան

«Ձեր չափերը ճանաչեք». ավագանու նիստում իրավիճակը լարվեց (ՏԵՍԱՆՅՈՒԹ)

Երևանի ավագանու նիստին իրավիճակը լարվեց այն բանից հետո, երբ «Ազգային առաջընթաց» խմբակցության անդամ Պեդրո Զարոկյանը բորբոքված ելույթ ունեցավ՝ ասելով. «Գնացեք փոսերը լցրեք, անամոթներ»։

Քաղաքապետ Տիգրան Ավինյանը ընդհատեց ելույթը՝ նկատողություն հայտարարելով նրան, ապա դուրս հրավիրեց դահլիճից. «Ձեր չափերը ճանաչեք, պարոն Զարոկյան»։ Ավինյանը նաև նշեց. «Դատարկաբանությանը չի կարելի արձագանքել։ Դատարկ, փուչ խոսքերին չի կարելի արձագանքել։ Պարոն Զարոկյանին թվում է՝ սա իր տունն է, մոտակայքում էլ երևի կինն է կանգնած, ու մտածում է՝ կարող է անպատիժ դուրս գալ սրանից։ Պարոն Զարոկյանին, կարծում եմ, օգնության կարիք կա՝ լուրջ: Վերջ, չենք արձագանքում: Երեւանցիները որոշել են, որ պարոն Զարոկյանի նման մարդիկ էլ պետք է լինեն ավագանիում, ստիպված պետք է հանդուրժենք:

Այդուհանդերձ, ես մի քանի բանի կարձագանքեմ: Պարոն Զարոկյանն ասաց՝ զոնտիկ բռնող, անվտանգության աշխատակից, չգիտեմ ինչ: Ես ուզում եմ հատուկ տեղեկացնել բոլորին, որ ես չունեմ անվտանգության աշխատակից, զոնտիկ բռնող չունեմ, առհասարակ շատ հաճախ Երեւանում քայլում եմ մենակ, ընկերներիս հետ, ավտոմեքենան էլ հիմնականում մենակ եմ վարում»։

Տիգրան Ավինյանը հանգստության կոչ արեց ավագանու անդամներին։ Զարոկյանի հեռանալուց հետո իրավիճակը հանդարտվեց, և ավագանին շարունակեց աշխատանքը։