Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանը հայտարարել է, թե ինքը ընդդիմադիր ավագանիների բարձրաձայնած հարցերի հետևից գնում է, և շատ դեպքերով լուծումներ տրվում են։
«Ինչ վերաբերում է նարատիվին, որ Երևանում խնդիրները շատ են․ այո, շատ են և գնալով շատանելու են, որովհետև քաղաքի բնակչությունն աճում է։ Արդեն 1 մլն 200 հազար մարդ կա։ Քաղաքի բնակչության աճի հետ կապված կան բազմաթիվ պրոցեսներ»,- ասել է նա՝ կոչ անելով փաստերով նայել, թե ինչ է արել քաղաքապետարանն այդ հարցերը լուծելու համար. «Երևանում այս տարի 38 ֆուտբոլային դաշտ է կառուցել Երևանի քաղաքապետարանը, և տարեցտարի այդ դրանց քանակն ավելացնում ենք։ Երևանում ե՞րբ եք տեսել այս ծավալի բակային աշխատանքներ։ 134 բակում հիմնանորոգում ենք անում, իսկ եթե հաշվի առնենք նաև վերանորոգվող բակերը, 200-ից ավել է լինում։ Այս ծավալի աշխատանք չի արվել, և այս ծավալի մեջ կարող են լինել խնդիրներ»։
Ավինյանը շեշտել է. «Մենք չենք ասում, որ անսխալական ենք ու ամեն ինչ 100% ճիշտ ենք անում։ Բայց այն պնդումը, թե իրականում չի արվում կամ թերանում ենք ու ուշադրություն չենք դարձնում թերություններին, իրականությանը չի համապատասխանում»։
Քաղաքապետը նաև վստահեցրել է, որ ընդունում է խելամիտ քննադատությունը, բայց կոչ է արել վերհիշել՝ Մերգելյանի այգին կամ Օղակաձև զբոսայգու տարբեր հատվածներ ինչ տեսք են ունեցել և հիմա ինչ են դարձել. «Ես հրավիրում եմ բոլորիդ այգիներից մեկի, հենց նույն՝ Մերգելյանի բացմանը, այնտեղ հատուկ ստենդ կդնենք՝ ինչ է եղել այդ այգին նախկինում ու ինչ է դարձել։ Խնդրեմ՝ կգաք այդտեղ, կխոսենք»։