Երևան

Քննարկվել են Երևանի քաղաքապետարանի քաղաքաշինական ծրագրերը

Վարչապետ Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ տեղի է ունեցել խորհրդակցություն, որի ընթացքում քննարկվել են Երևանի քաղաքապետարանի քաղաքաշինական մի շարք ծրագրեր:

Մասնավորապես, ներկայացվել է Նորագյուղ թաղամասում քաղաքաշինական ծրագրի հայեցակարգը: Ինչպես նշել է Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանը, այդ տարածքն ունի զարգացման զգալի ներուժ և համալիր քաղաքաշինական ծրագրի արդյունքում կստեղծվեն պայմաններ՝ թաղամասի հետագա զարգացման համար՝ արդյունավետ ենթակառուցվածքներ, ճանապարհներ, կամուրջներ և այլն: Ծրագիրն ընդգրկում է 350 հա հողատարածք:

Քննարկման ընթացքում ներկայացվել են հայեցակարգով սահմանված առաջնահերթությունները, նպատակները, հստակեցվել են ծրագրի իրականացման համար անհրաժեշտ հետագա քայլերը:

Խորհրդակցության ընթացքում անդրադարձ է կատարվել այլ ծրագրերի ևս՝ Կասկադի, Օղակաձև զբոսայգու և այլն:

Վարչապետը կարևորել է նման ներդրումային ծրագրերի իրականացումը և ընդգծել դրանց իրականացմանն ուղղված աշխատանքների համակարգման անհրաժեշտությունը: