«Երևանի գլխավոր հատակագծի հետ կապված հարցն առաջացել էր դեռևս 2020թ.»․ հայտարարել է քաղաքապետ Տիգրան Ավինյանը՝ հավելելով, որ պրոցեսը դեռ 2018-19թթ․ սկսված պիտի լիներ, և քաղաքապետարանը պետք է այն ժամանակ հարցը լուծած լիներ․
«Համաձայն եմ բոլոր այն դիտարկումների հետ, որ սա իդեալական նախագիծ չէ։ Սա նախագիծ է փաստացի իրավիճակի և որոշ հեռանկարային ծրագրերի մասին, որը հիմք կարող է դառնալ GIS քարտեզներում արտացոլված գլխավոր հատակագծի շերտի համար»,- նշել է նա։
Անդրադառնալով կոռուպցիայի մասին ընդդիմադիրների հայտարարություններին՝ Ավինյանը նշել է. «Շատ կարևոր է, որ ամեն ասածի համար կարողանաս պատասխան տալ։ Կոռուպցիայի մասով ցաքուցրիվ մեղադրանքներն անպատասխանատու հայտարարություններ են։ Եթե կոնկրետ փաստով, դեպքով բան ունեք ասելու, ուրախ կլինենք լսել, որովհետև իմ, որպես Երևանի քաղաքապետի, առաջնային գործառույթներից մեկը կոռուպցիայի կանխարգելումն է»։
Ավինյանը նաև նշել է, որ շինթույլտվությունների հետ կապված ջանք ու եռանդ չի խնայել, որ փոփոխվեն իրենից առաջ եղած մեխանիզմները. «Մեր եկամուտների՝ մոտավորապես 17 մլրդ-ը գալիս է ճարտարապետահատակագծային առաջադրանքներից ու շինթույլտվություններից․ այսինքն, էդ մարդիկ օրինական գումար են վճարում քաղաքապետարանին»։ Նա առաջարկել է՝ կամ հասցեական ու կոնկրետ փաստեր հրապարակել, «կամ ջուր չծեծել»․
«Ընդհանրական, տարածական հայտարարություններ մի արեք, որովհետև դրանց դաշտում էնքա՜ն ասելիք կունենանք ձեր և ձեր թիմակից նախկին քաղաքապետի վերաբերյալ»,- ասել է նա։