«Այստեղ՝ այս դահլիճում, շարունակաբար տեղի են ունենում փաստերի խեղաթյուրում և մանիպուլյացիա, որին արդեն սովորել ենք և չենք արձագանքում, բայց, կարծում եմ, ճիշտ չենք անում». Երևանի ավագանու նիստին ասաց Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանը։
«Այս փաստաթղթի մեջ գրվածը, որը հանդիսաբար, գեղեցիկ ներկայացվեց, ասում է հետևյալը. ավագանու անդամի լիազորությունները ստանձնելուց հետո՝ այսինքն ամենասկզբից, պարոն Երիցյանը բացակայել է իրավական հանձնաժողովի 7 նիստից 6-ից։ Այսինքն, այս ավագանու ձևավորման առաջին օրվանից 7 նիստ է տեղի ունեցել, որից 6-ից բացակայել է պարոն Երիցյանը։ Իսկ 5-րդ նստաշրջանի ընթացքում՝ 5 նիստից 4-ից։ Այսինքն, տեղի ունեցած հանձնաժողովի 5 նիստից 4-ից»,- ասաց Տիգրան Ավինյանը հարցնելով՝ ո՞րն է կեղծ իրավական կեղծիքներից կառչելու իմաստը։
«Ինչո՞ւ է սուտն ու մանիպուլյացիան լցվում այս դահլիճ։ Ասում են` Երևանում աշխատանքները տապալվել են։ Անկե՞ղծ եք ասում։
Երևանում միայն այս տարի 50 փողոցներում 52 կմ-ից ավելի միջին նորոգման աշխատանքներ են արվել։ 200-ից ավելի բակերում աշխատանքներ ենք անում, 50-ը արդեն ավարտված են։ Այդ ծավալը ե՞րբ էիք տեսել։ Երևանի սեփական եկամուտները 2024թ. 40%-ով աճել են 2023թ. նկատմամբ։ Երևանը 2 տարի շարունակաբար տարին 15 կմ կոյուղի է անցկացնում լրիվ նոր թաղամասերում․ երբևէ նման գործ չի արվել։ Սուտն ու մանիպուլյացիան պիտի մի կետում դադարեն»,- ասաց նա։
Անդրադառնալով ընտրությունների գնալու մասին հարցին՝ քաղաքապետը շեշտեց. «Ուզո՞ւմ եք նոր ընտրություններ, մենք երբեք դրանից չենք խորշել, երբեք։ Եկեք՝ մեխանիզմը քննարկենք, գնանք այդ նոր ընտրություններին»։
Մանրամասները՝ տեսանյութում