«Ուզում եմ հատուկ հիշեցնել, որ Երևանի ավագանու կազմը քաղաքական մարմին է, Երևանի քաղաքապետը՝ քաղաքական պաշտոնյա, և այստեղ ավելի ճիշտ է, որ խոսենք քաղաքական տերմինաբանությամբ։ Համաձայնեցի, որ իրավական մեկնաբանություն տալն իմ գործը չէ». այսօր Երևանի ավագանու նիստում Գրիգորի Երիցյանի լիազորությունները վաղաժամ դադարեցնելու մասին նախագիծը քննարկելիս հայտարարեց Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանը։
«Իմ գործընկերներն ինձ հուշում են, որ նախագծի և հիմնավորման մեջ վստահաբար խնդիր չկա»,- ասաց Տիգրան Ավինյանը և վերադառնալով քաղաքական բովանդակությանը՝ հիշեցրեց, որ ամիսներ առաջ, երբ Մարատ Թոխյանը նման հարց էր ներկայացնում, Երիցյանն ասել էր, որ ինքն էլ չի եկել, բացակայել է, այդ դեպքում իր նախագիծը ինչու չեն բերում, և ստացել է պատասխան, որ եթե շարունակի չմասնակցել, կբերվի։
Տիգրան Ավինյանի խոսքով՝ վրեժխնդրության մասին խոսք չկա. «Մենք ոչ մեկս թշնամիներ չունենք այս դահլիճում։ Ուղղակի եկեք ֆիքսենք՝ եթե կա սկզբունք, իսկ այն ֆիքսվել է հենց այդ նիստին, ինչո՞ւ ենք իրարից նեղանում։ Եթե ասվել է, որ եթե շարունակեք բացակայել, կբերվի նախագիծ, հիմա ինչու եք տարակուսում։ Գիտեիք, բայց դիտավորյալ բացակայում էիք։ Դուք Ձեր մասն եք արել, Թոխյանն՝ իր»։