Այսօր Երևանի ավագանու «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության անդամ Մարատ Թոխյանը ներկայացրեց ավագանու «Ազգային առաջընթաց» խմբակցության անդամ Գրիգորի Երիցյանի լիազորությունները վաղաժամ դադարեցնելու վերաբերյալ նախագիծը։
Նշենք, որ Երիցյանն առաջարկել էր այսօրվա նիստի օրակարգից հանել իր լիազորությունները դադարեցնելու վերաբերյալ նախագիծը՝ նշելով, որ այն իրավական հիմք չունի, քանի որ ինքը մասնակցել է ավագանու նիստերին։
Սակայն Մարատ Թոխյանը զեկույցը ներկայացնելիս ասաց, որ Երիցյանի պնդումը, թե այստեղ կա իրավական խախտում, պարզ մանիպուլյացիա է. «Պարոն Երիցյան, խոսքը իրավական հանձնաժողովի նիստերի մասին է, ոչ թե ավագանու նիստերի»։
Թոխյանի կարծիքով՝ Երիցյանի մոտ այդ միտքը եկել է նրանից, որ լսել է «Ազատություն» ռադիոկայանին տված հարցազրույցը, որտեղ տրվել է աղավաղված սխալ ինֆորմացիա. «Ներկայացրել են, թե ես ասել եմ, իբր պարոն Երիցյանը բացակայել է ավագանու և իրավական հանձնաժողովների նիստերի մեծ մասից։ Այդպիսի բան չկա»,- ասաց նա՝ ընդգծելով, որ Երիցյանին մի քանի անգամ հորդորել է ներկայանալ հանձնաժողովի նիստերին, բայց վերջինս իր բացակայությունը քաղաքական բոյկոտ է համարել։ «Չեմ հասկանում՝ ինչ քաղաքական բոյկոտ է։ Պարզվում է՝ 5 տարի պատրաստվում էիք չգալ հանձնաժողովների նիստերին, գալ միայն ավագանու նիստերին, հրապարակային ելույթ ունենալ։ Եթե դա եք համարում ավագանու գործառույթը, կարծում եմ՝ սխալվել եք»։
Մանրամասները՝ տեսանյութում