Մայրաքաղաքում շարունակվում է ճանապարհների միջին նորոգման ու ճաքալցման գործընթացը: Աշխատանքային հերթական խորհրդակցության ժամանակ քաղաքապետ Տիգրան Ավինյանը հանձնարարել է հաջորդ տարվա համար ևս 2024-ի ծավալներին մոտ աշխատանքներ նախատեսել: Բացի այդ, հանձնարարվել է նաև արդեն իսկ նախանշել հստակ հասցեները, որպեսզի կենսաապահովման ոլորտում գործունեություն իրականացնող կառույցները տվյալ տարածքներում նախապես իրականացնեն ենթակառուցվածքների փոխարինման աշխատանքներ:
***
Երևանի կենդանաբանական այգում շարունակվում են տարածքի ընդլայնման և բարեկարգման աշխատանքները: Ծրագրի շրջանակում կառուցվում են այնպիսի ազատավանդակներ, որոնք կենդանիների համար կապահովեն բնական միջավայրին մոտ պայմաններ:
***
Բաղրամյան պողոտայում տեղադրվել են 3000 կելվին հզորությամբ նոր լուսատուներ։ Նախատեսվում է քաղաքի որոշ հատվածներում դիտարկել 2700 կելվինի հնարավորությունը, որը մի փոքր լույսն ավելի հանգիստ է արտացոլում։
***
Բակերի և այգիների բարեկարգում, հանգստի գոտիների վերականգնում, ֆուտբոլի խաղադաշտերի կառուցում. խորհրդակցության ընթացքում վարչական շրջանների ղեկավարներն իրենց զեկույցներում ներկայացրել են իրականացված ու ընթացիկ ծրագրերը:
***
Երևանի քաղաքապետարանի նախաձեռնությամբ սեպտեմբերի 17-ից մեկնարկում է մշակութային նոր նախագիծ. Հայաստանում առաջին անգամ կանցկացվի սիմֆոնիկ նվագախմբերի միջազգային փառատոն, որի շրջանակներում ելույթ կունենան հայաստանյան և արտերկրից հրավիրված անվանի երաժիշտներ, մենակատարներ և երաժշտախմբեր: Թումանյանի անվան զբոսայգում սեպտեմբերի 17-24-ը կայանալիք փառատոնի ընթացքում ելույթ կունենան Երևանի քաղաքապետարանի «Երևան» պատանեկան սիմֆոնիկ նվագախումբը, Հայաստանի ազգային ֆիլհարմոնիկ նվագախումբը, Հայաստանի օպերայի և բալետի ազգային թատրոնի նվագախումբն ու երգչախումբը, Սանկտ Պետերբուրգի Ֆիլհարմոնիայի աշխարհահռչակ ակադեմիական նվագախումբը և Լա Սկալա թատրոնի «Ակադեմիա» նվագախումբը: Համերգների սկիզբը՝ 20:00: Մուտքն ազատ է: