171 նոր ավտոբուսներն ու 15 տրոլեյբուսներն արդեն Չինաստանից տեղափոխվում են Երևան: Շարժակազմերի մատակարարումը նախատեսվում է մինչև հոկտեմբերի վերջ: Տրանսպորտային համակարգի բարեփոխման ընթացքում մայրաքաղաքում կշարունակվի նաև ավտոբուսների համար առանձնացված գծերի ձևավորումը:
«Առաջնահերթությունը պե՛տք է տրվի հանրային տրանսպորտին. սա քմահաճույք չէ, այս ճանապարհին ուղղակի այլընտրանք չկա: Եթե մենք այն միտումը, որը հիմա ունենք ավտոմեքենաների քանակի ավելացման հետ կապված չկանխենք և չստեղծենք հավելյալ հնարավորություններ հանրային տրանսպորտի համար, որոշակի խոչընդոտներ ստեղծելով ավտոմեքենաների համար՝ մենք մի օր մեր ավտոմեքենայով տանից դուրս ենք գալու և կանգնած մնալու մեր բակի մոտ: Առանձնացված գծերը տալու են առավելություն: Այն քաղաքները, որոնք այս ճանապարհով սկսել են ճիշտ ժամանակին անցնել, ստացել են իրականում բարվոք երթևեկություն»,- ընդգծել է քաղաքապետը:
***
Երևանում նախատեսվում է նոր կանգառասրահների տեղադրում` վճարային տերմինալներով: Առաջին նմուշը՝ որոշակի դիտարկումից հետո, վերափոխված տարբերակով առաջիկայում կտեղադրվի: Այս տարի նախատեսվում է նմանատիպ շուրջ 50 կանգառասրահի տեղադրում:
***
«Լեռնեցիների պարը» արձանախումբը կտեղափոխվի Մերգելյանի այգի: Հանգստի գոտու հիմնանորոգումն ավարտական փուլում է: Տասնամյակներ շարունակ տարատեսակ կրպակներով, սրճարաններով ու չգործող կարուսելներով ծանրաբեռնված այգին հիմնովին կփոխվի:
***
Երևանյան 28 փողոցների վերգետնյա մալուխներն անցկացվում են ստորգետնյա կապուղիներով. նախագծով ընդհանուր առմամբ կփորվի շուրջ 80 կմ խրամուղի: Գործընթացն այս պահին իրականացվում է Հանրապետության և Թումանյան փողոցներում:
***
Քաղաքաշինական ծրագրերն ու քաղաքային տնտեսության տարբեր ոլորտներ փուլ առ փուլ կառավարելի են դառնում էլեկտրոնային GIS աշխարհագրական տեղեկատվական համակարգով: Քաղաքապետ Տիգրան Ավինյանը հանձնարարել է մինչև տարեվերջ համակարգում տեղադրել նաև տրամադրված և տրամադրվող շինթույլտվությունների ու շինբարեկարգման ոլորտին վերաբերող տեղեկատվությունը:
***
Աղբահանության և սանմաքրման ոլորտի աշխատակիցների համար վարչական շրջաններում կկառուցվեն հանդերձափոխման առանձնացված սրահներ, կստեղծվեն անհրաժեշտ պայմաններ: Աշխատակիցները նաև կապահովվեն նոր՝ միանման ամառային, աշնանային և ձմեռային հանդերձանքով: