2025թ․ հունվարի 1-ից ուժի մեջ կմտնեն եկամտահարկի վերադարձի սահմանափակումները։ Ըստ այդմ, հաջորդ տարվա սկզբից հիփոթեքային վարկով ձեռք բերված անշարժ գույքը եթե գտնվում է Երևանում, եկամտահարկն այլևս չի վերադարձվի։ Սահմանափակումը չի կիրառվի, եթե անշարժ գույքի շինթույլտվությունը տրամադրվել է մինչև 2022թ․ հունվարի 1-ը։
Radar Armenia-ն դիմել է Երևանին քաղաքապետարան՝ պարզելու, թե 2018-2022թթ․ ընթացքում բազմաբնակարան շենք-շինություն կառուցելու համար քանի շինթույլտվություն է տրվել։ Բացի այդ, հետաքրքրվել էինք՝ օրենքը սահմանու՞մ է, թե շինթույլտվություն տրամադրելուց հետո կառուցապատողը երբ կարող է սկսել շինարարությունը։ Օրինակ, կարո՞ղ է շինթույլտվություն ստանալ 2021-ի հունվարին, բայց շինարարությունն սկսել 2028-ի մարտին միայն։
Երևանի քաղաքապետարանի պատասխանից պարզ է դառնում, որ 2018թ. մինչև 2022թ․ հունվարի 1-ը մայրաքաղաքում տրվել է 367 շինթույլտվություն, որոնցից 96-ն արդեն ավարտական ակտ ունի․
«Շեշտենք նաև, որ մինչև 2022թ. հունվարի 1-ը ստացած շինթույլտվության պարագայում եթե շինարարությունը մինչև 2025թ. հունվարի 1-ը ավարտին հասցված չլինի, որևէ կերպ չի կարող անդրադառնալ շահառուի վրա, այսինքն, շահառուի վրա պարտադիր տարածվելու է եկամտահարկի վերադարձի օրենքը»,- հայտնել են քաղաքապետարանից:
Իսկ շինթույլտվությունն ստանալուց հետո շինարարությունն սկսելու ժամկետների մասով պարզաբանել են, որ դրանց վերահամաձայնեցման՝ երկարացման համար կառուցապատողը կարող է դիմել քաղաքապետարան, քանի որ օրենքը թույլ է տալիս նման հնարավորություն։ Սակայն, ըստ քաղաքապետարանի, գործնականում չկա նախադեպ, որ շինթույլտվություն ստանալուց մինչև շինարարության մեկնարկը երկար տարիների խզվածք լինի․
«Բացի այդ, 2024 թվականից, շինարարության երկարացման դիմելու կարգի համաձայն, կառուցապատողը ժամկետ երկարացնելու համար բավական մեծ գումարներ պետք է վճարի, ինչը չի բխում վերջինիս շահերից»,- ասված է քաղաքապետարանի պատասխանում։
Հայկ Մագոյան