Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանի մամուլի քարտուղար Հայկ Կոստանյանը «ֆեյսբուքի» իր էջով տեղեկացրել է, որ այսուհետ ԶԼՄ-ների ներկայացուցիչների բանավոր (հեռախոսային) հարցադրումները ձայնագրվելու են՝ օրենքի համաձայն նախապես տեղեկացնելով նրանց։
«ԶԼՄ-ների հարգելի տնօրեններ, խմբագիրներ և լրագրողներ, ելնելով այն հանգամանքից, որ Երևանի քաղաքապետարանի ծրագրերին առնչվող ձեր բանավոր հարցադրումներին տրվող պատասխանները հաճախ չեն արտահայտում պաշտոնյաների կողմից ներկայացված դիրքորոշումը կամ պարզաբանման բուն իմաստը, կտրված են կոնտեքստից և չեն արտացոլում իրականությունը, տեղեկացնում եմ, որ այսուհետ ձեր բանավոր (հեռախոսային) հարցադրումները ձայնագրվելու են՝ օրենքի համաձայն նախապես ձեզ տեղեկացնելով:
Ձայնագրությունները հրապարակային օգտագործվելու են որպես փաստ և ապացույց՝ բացառապես այն դեպքում, երբ ձեր հրապարակումներում ներկայացված տեղեկատվությունը կլինի խեղաթյուրված կամ, ինչպես վերը նշվեց, չի արտացոլի իրականությունը: Այս նախաձեռնության հիմքում նաև գործընկերային հարաբերությունները մշտապես բարձր մակարդակի վրա պահելն ու հանրությանը օբյեկտիվ լրատվություն հրամցնելն է:
Որպես մամուլի քարտուղար՝ ԶԼՄ-ների հետ շփվում եմ 2022թ.-ից և վստահ եմ, որ ձեր շարքերում չի գտնվի գեթ մեկ լրագրող, որն ինձ մեղադրի որևէ մեկի հանդեպ տարբերակված մոտեցում ցուցաբերելու մեջ»,- ասվում է Կոստանյանի գրառման մեջ։