Երևան

«Համայնքի եկամուտների համարյա 10 տոկոսը ծախսում ենք վերելակների փոխարինման վրա». քաղաքապետ

«Այս տարի Երևանի քաղաքապետարանն իր ֆինանսավորմամբ 500 վերելակ կփոխարինի»,- հայտնել է քաղաքապետ Տիգրան Ավինյանը։

Նրա խոսքով, այս տեմպը պահելու դեպքում մինչ հաջորդ ընտրական շրջան իրենց նախընտրական խոստումը իրականացված կլինի. «Եւ Երևանում հնամաշ վերելակ չի մնա»,- վստահեցրել է նա։

Անդրադառնալով փոխարինված վերելակների որակին, Ավինյանն ասել է, թե պետք է ամեն ինչ նայել համեմատության մեջ. «Եթե խոսում ենք 1959թ. տեղադրված ինչ-որ գործարանի արտադրած վերելակի փոխարինման մասին, պետք է հասկանանք՝ ունենք դեռ 3000 վերելակի փոխարինման խնդիր։ Եւ վերելակների փոխարինման ծրագիրն ամենաէժաններից մեկը չէ. մեկ վերելակի վրա միջինը ծախսում ենք 10 մլն դրամ, այսինքն՝ մեր 64 մլրդ դրամ բյուջեից 5 մլրդ դրամ ծախսում ենք վերելակների փոխարինման վրա, որովհետև հասկանում ենք՝ դա անվտանգության խնդիր է։ Մեր սեփական եկամուտների համարյա 10 տոկոսը ծախսում ենք մեր գործառույթներից դուրս խնդրի վրա։ Օրենքով համատիրության ենթակայության տակ գտնվող գործառույթներ են դրանք, բայց նաև հասկանում ենք՝ համատիրությունները չեն գործում»։