Երևան

«Կոռուպցիայի կանխարգելման տեսանկյունից առաջին պատասխանատվությունը կառույցի ղեկավարինն է». քաղաքապետ (ՏԵՍԱՆՅՈՒԹ)

Չեմ սիրում գնահատականներ տալ ընթացիկ գործերին։ Վստահաբար, ժամանակը ցույց կտա՝ ճիշտ է, թե սխալ. հայտարարել է Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանը՝ անդրադառնալով կոռուպցիոն գործերին։

«Կոռուպցիայի կանխարգելման տեսանկյունից առաջին պատասխանատվությունը կառույցի ղեկավարինն է, և մեզ մոտ կադրային փոփոխություններ տեղի են ունեցել որոշ դեպքերում հենց այդ նկատառումներից ելնելով»,- ասել է նա։

Ըստ Ավինյանի՝ իրավապահների պատասխանատվությունն էլ պետք է լինի «փաստով արձանագրված դեպքերի մասին». «Ես հուսով եմ՝ իրավապահ համակարգը նույնպես պատասխանատվության չափը գիտակցում է։ Այսինքն՝ ամեն անգամ, երբ այս կամ այն մարդուն մեղադրանք է առաջադրվում, հետո որոշակի հարցեր ու խնդիրներ են առաջադրվում, դա էլ է խնդիր»։

Քաղաքապետը հույս է հայտնել, որ իրավապահ համակարգը ինչ-որ մի փուլում կդառնա այն ինստիտուտը, որ կոռուպցիայի տեսանկյունից վերջին օղակը կփակի։

Նա վստահեցրել է. «Ոչ մի դեպքում այս գործերով քաղաքական թիրախ չկա ու չի կարող լինել։ Ես ձեզ վստահեցնում եմ դա»։