Երևան

Մետրոպոլիտենի տնօրենը ԵՄ դեսպանին է ներկայացրել ապագա զարգացման ծրագրերը

Հուլիսի 19-ին Կարեն Դեմիրճյանի անվան Երևանի մետրոպոլիտենի գլխավոր տնօրենի ժ/պ Բաբկեն Սեդրակյանն ընդունել է Հայաստանում ԵՄ պատվիրակության ղեկավար, արտակարգ և լիազոր դեսպան Վասիլիս Մարագոսին։

Բաբկեն Սեդրակյանը նախ ներկայացրել է Վերակառուցման և զարգացման եվրոպական բանկի, Եվրոպական ներդրումային բանկի վարկային ու Եվրոպական միության դրամաշնորհային աջակցությամբ իրականացվող «Երևանի մետրոպոլիտենի վերակառուցման ծրագիր» երկրորդ փուլի ընթացքը, որի ավարտման շնորհանդեսը կկայանա այս տարվա սեպտեմբերին:

Բաբկեն Սեդրակյանը հյուրին ներկայացրել է նաև մետրոպոլիտենի ապագա զարգացման ծրագրերը, մասնավորապես՝ ժամանակակից տեխնոլոգիաների կիրառումը ստորգետնյա տրանսպորտում, նոր վագոնների ձեռքբերման, ԴԵՊՈ-ի վերակառուցման և այլ ծրագրերը:

Դեսպան Վասիլիս Մարագոսը հույս է հայտնել, որ «կանաչ տրանսպորտի» զարգացման և արդիականացման հարցում եվրոպական կողմի աջակցությունը շարունակական կլինի: Շնորհակալություն հայտնելով ընդունելության համար՝ եվրոպացի բարձրաստիճան պաշտոնյան հույս է հայտնել, որ սկիզբ առած համագործակցությունն այս ոլորտում էլ առավել կզարգանա: Հանդիպմանը քննարկվել են նաև սեպտեմբերին կայանալիք դրենաժային թունելի բացման արարողությանը վերաբերող հարցեր: