Երևան

Երևանում է Թբիլիսիի քաղաքային խորհրդի նախագահի գլխավորած պատվիրակությունը

Երևանի քաղաքապետի առաջին տեղակալ  Արմեն Փամբուխչյանը և քաղաքապետի տեղակալ Լևոն Հովհաննիսյանն ընդունել են Թբիլիսիի քաղաքային խորհրդի նախագահ Գիորգի Տկեմալաձեի գլխավորած պատվիրակությանը: Հանդիպմանը մասնակցել է նաև ՀՀ-ում Վրաստանի արտակարգ և լիազոր դեսպան Գիորգի Շարվաշիձեն: 

Ողջունելով հյուրերին՝ Երևանի քաղաքապետի առաջին տեղակալը կարևորել է հայ-վրացական բարեկամական կապերն ու գործընկերային հարաբերությունները և վստահեցրել, որ պատվիրակության այցը կխթանի երկու մայրաքաղաքների օրենսդիր մարմինների միջև կապերի ընդլայնմանն ու փորձի փոխանակմանը։

Կողմերն ընդգծել են, որ այցի շրջանակում հանդիպումներն ու քննարկումները կլինեն արդյունավետ, գործակցության նոր հնարավորություններ կընձեռեն, ինչպես նաև կամրապնդվի ավագանիների համագործակցությունը: 

Վրաստանի պատվիրակությունն այցելել է Ծիծեռնակաբերդի հուշահամալիր: Պատվիրակության անդամները ծաղկեպսակ և ծաղիկներ են դրել Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակը հավերժացնող անմար կրակի մոտ: