Երևան

Նախատեսվում է Արշակունյաց պողոտայում թունելային անցմամբ և շրջանաձև երթևեկությամբ ճանապարհային հանգույցի կառուցում

Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանն ընդունել է Ասիական զարգացման բանկի (ԱԶԲ) հայաստանյան մշտական առաքելության տնօրեն Դոն Լամբերտի գլխավորած պատվիրակությանը:
Կողմերը բարձր են գնահատել ԱԶԲ-ի և Երևան համայնքի միջև համագործակցությունը՝ գոհունակությամբ նշելով դրա հագեցած օրակարգը:

«Երևանի քաղաքային զարգացման ներդրումային ծրագիր» վարկային համաձայնագրի շրջանակում նախատեսվում է Իսակով-Արշակունյաց նոր ճանապարհային հանգույցի կառուցում, Հրազդան գետի վրա 269մ երկարությամբ երկաթբետոնե հեծաններով կամրջի ու Արշակունյաց պողոտայում թունելային անցմամբ և շրջանաձև երթևեկությամբ ճանապարհային հանգույցի կառուցում: Նախագծի շրջանակում կվերակառուցվի ու կկանաչապատվի նաև Կոմիտասի անվան զբոսայգու հարակից տարածքը:

Կարևորելով համատեղ ծրագրերը՝ քաղաքապետ Ավինյանը նշել է, որ ԱԶԲ-ի հետ հաստատված արդյունավետ գործընկերությունը ևս մեկ քայլ է` ուղղված հարմարավետ քաղաք ունենալուն:

Դոն Լամբերտն իր հերթին ընդգծել է, որ Երևանի քաղաքապետարանը վստահելի գործընկեր է բանկի համար, ու նշել, որ իրենք պատրաստ են մասնակցել Երևանն ապրելու համար ավելի հարմար դարձնելու տարբեր նախագծերի: