Երևան

«Դավիթ Բեկի փողոցում փոս չէ, վթարավտանգ երևույթ է». Կամո Արեյան

Երևանի քաղաքապետի խորհրդական Կամո Արեյանն անդրադարձել է Դավիթ Բեկի փողոցի փլվածքին․ «Այն վերաբերում է թունելային կառուցվածքին: Խոսքը մոտ 200 մ թունելային ծածկ-ենթակառուցվածքի մասին է, որի միջով հոսում է գետը: Փլված հատվածը 82 մետր է: Այդ թունելի երկարությունը, որը Դավիթ Բեկի փողոցն է հատում և ծառայում է որպես երթևեկ, ասֆալտբետոնե ծածկի տակ է և պանելային-հենապատային կառուցվածք է»,- ասել է նա՝ հավելելով, որ երկու պանել ծայրամասից պոկվել է. «Տպավորություն է, թե փոս է: Փոս չէ. դա վթարավտանգ երևույթ է»:

Արեյանը տեղեկացրեց, որ դեպքից հետո քաղաքապետ Ավինյանի հանձնարարությամբ 3 մասնագիտացված կառույց է իջեցվել թունել, որոնք հանրապետության լավագույն մասնագետներն են՝ ավանդական կամրջաշինարարներ: Երեքն էլ տվել են նույն եզրակացությունը, որ 82 մետր լայնքով այս թունելային հատվածը վթարավտանգ է, վնասված են բոլոր հեծան-պանելները, քայքայված է հենապատը․

«Զեկուցել են պարոն քաղաքապետին, որ, միանշանակ, այստեղ պետք է գնալ կապիտալ վերակառուցման, մասնակի նորոգումը չի արդարացնի իրեն»,- ասաց Արեյանը և նշեց, որ ամենավթարայինն իջնող թևն է, որն այս պահին փակ է: Պետք է փոխվի 82 պանել և ամբողջ հենապատը, որը քայքայված է:

Ըստ քաղաքապետի խորհրդականի՝ ֆինանսավորման խնդիրը լուծված է, հիմա կազմվում են նախագծային լուծումները՝ հենապատի ամրացում, հեծանների փոխարինում նորով․

«Այն, ինչ արվել է ցեմենտ-ավազ-սվաղով, այլևս անթույլատրելի է: Եթե գնանք այդ ճանապարհով, մի քանի տարի հետո կունենանք նույն վթարը: Պարոն Ավինյանի կողմից խնդիր է դրվել՝ կապիտալ լուծել հարցը, որ տասնամյակներով այդ կառույցը մնա անվտանգ շահագործմամբ: Դրա համար փոխվում են նաև հենապատերը»,- ասել է նա։