Երևան

Երևանն ու Լայպցիգը կզարգացնեն կապերը՝ իրատեսական ծրագրերի շուրջ

Երևանի քաղաքապետի առաջին տեղակալ Արմեն Փամբուխչյանը հանդիպել է Գերմանիայի Սաքսոնիա դաշնային երկրամասում ՀՀ պատվավոր հյուպատոս Լյուկաս Ֆլյոթերի հետ:
Ընդգծելով հայ-գերմանական համագործակցության ներկա բարձր մակարդակը՝ փոխքաղաքապետը շեշտել է, որ Երևանի քաղաքապետարանը բաց ու պատրաստակամ է քննարկելու և ընդլայնելու փոխգործակցությունը գերմանական քաղաքների, այդ թվում՝ քույր քաղաք Լայպցիգի հետ:

Շնորհակալություն հայտնելով հյուրընկալության համար՝ Լյուկաս Ֆլյոթերը նշել է, որ Լայպցիգը Գերմանիայի արագորեն զարգացող քաղաքներից է և այս առումով գերմանական կողմն ունի Երևանի հետ տնտեսական համագործակցությունը զարգացնելու տեսլական:

Հանդիպման ընթացքում կողմերը մտքեր են փոխանակել տրանսպորտի, բնապահպանության և մի շարք այլ ոլորտներում փորձի փոխանակման ու ներդրումային համատեղ հնարավոր ծրագրերի իրականացման վերաբերյալ: Երկու քաղաքները պատրաստ են գործակցել նաև մշակույթի ոլորտում:

Արմեն Փամբուխչյանը, վերահաստատելով քաղաքային իշխանության դիրքորոշումը, վստահություն է հայտնել, որ առաջարկները մանրամասն ուսումնասիրիրելուց հետո կառանձնացվեն առավել իրատեսական նախագծերը: