Երևանի մետրոպոլիտենում տեղադրվել են նոր անցարգելներ: Հասարակական տրանսպորտի տոմսային համակարգի ամբողջական ներդրման շնորհիվ մետրոն ևս ժետոնների փոխարեն կանցնի QR code-ով ու տարբեր եղանակներով վճարման:
***
Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի վերահսկողության վարչությունն ավարտել է ուսումնասիրությունը Էրեբունի վարչական շրջանի Նոր Արեշ 57 փողոց 45 հասցեում ի հայտ եկած խնդրի վերաբերյալ: Հասարակական նշանակության շինության կառուցապատման աշխատանքներն ընթացել են մի շարք խախտումներով, ինչի հետևանքով վնասվել է Ողջաբերդ գետի լանջապաշտպան բետոնային շերտի հենարան հողաթումբը. 50 տոկոսից ավելի չափով փոքրացվել է գետի հունը՝ կրճատելով ջրի թողունակությունը:
***
Երևանը կունենա նոր Գլխավոր հատակագիծ, այն կլինի թվայնացված փաստաթուղթ, որն ապահովելու է մայրաքաղաքի համաչափ ու հարաճուն զարգացումը: Զեկուցվել է, որ նյութերը հավաքելու և նախագծային լուծումները մշակելու գործընթացներն ընթանում են բնականոն հունով:
***
Բակերի և այգիների բարեկարգում, հանգստի գոտիների վերականգնում, ֆուտբոլի խաղադաշտերի կառուցում. խորհրդակցության ընթացքում վարչական շրջանների ղեկավարներն իրենց զեկույցներում ներկայացրել են իրականացված, ընթացիկ ու նախանշվող ծրագրերը:
***
Երևանի քաղաքապետի հանձնարարությամբ խստացված շրջայցեր կիրականացվեն՝ շինհրապարակները սահմանված չափորոշիներին համապատասխանեցնելու նպատակով: Մասնավորապես կարևորվել է օդի որակի չափիչ սարքերի տեղադրման գործընթացը: Քաղաքապետ Ավինյանը նշել է, որ GIS քարտեզի վրա արդեն տեսանելի է, թե քանի կառուցապատող է այդ աշխատանքներն իրականացրել, և արդյունքը գոհացուցիչ չէ և մոտ չէ բավարար լինելու: Այս պահի դրությամբ 16 սարքավորում է տեղադրված:
«Խոշոր կառուցապատում իրականացնող բոլոր սուբյեկտները պարտավոր են, ըստ ավագանու որոշման, տեղադրել օդի որակի չափիչ սարքեր, և մենք էլ պարտավոր ենք արձանագրել խախտումները»,- ընդգծել է քաղաքապետը: