Երևան

Խոշոր կառուցապատում իրականացնող բոլոր սուբյեկտները պարտավոր են տեղադրել օդի որակի չափիչ սարքեր. Տիգրան Ավինյան

Խոշոր կառուցապատում իրականացնող բոլոր սուբյեկտները պարտավոր են տեղադրել օդի որակի չափիչ սարքեր. Տիգրան Ավինյան

Երևանի մետրոպոլիտենում տեղադրվել են նոր անցարգելներ: Հասարակական տրանսպորտի տոմսային համակարգի ամբողջական ներդրման շնորհիվ մետրոն ևս ժետոնների փոխարեն կանցնի QR code-ով ու տարբեր եղանակներով վճարման: 
***
Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի վերահսկողության վարչությունն ավարտել է ուսումնասիրությունը Էրեբունի վարչական շրջանի Նոր Արեշ 57 փողոց 45 հասցեում ի հայտ եկած խնդրի վերաբերյալ: Հասարակական նշանակության շինության կառուցապատման աշխատանքներն ընթացել են մի շարք խախտումներով, ինչի հետևանքով  վնասվել է Ողջաբերդ գետի լանջապաշտպան բետոնային շերտի հենարան հողաթումբը. 50 տոկոսից ավելի չափով փոքրացվել է գետի հունը՝ կրճատելով ջրի թողունակությունը: 
***
Երևանը կունենա նոր Գլխավոր հատակագիծ, այն կլինի թվայնացված փաստաթուղթ, որն ապահովելու է մայրաքաղաքի համաչափ ու հարաճուն զարգացումը: Զեկուցվել է, որ նյութերը հավաքելու և նախագծային լուծումները մշակելու գործընթացներն ընթանում են բնականոն հունով: 
***
Բակերի և այգիների բարեկարգում, հանգստի գոտիների վերականգնում, ֆուտբոլի խաղադաշտերի կառուցում. խորհրդակցության ընթացքում վարչական շրջանների ղեկավարներն իրենց զեկույցներում ներկայացրել են իրականացված, ընթացիկ ու նախանշվող ծրագրերը:  
***
Երևանի քաղաքապետի հանձնարարությամբ խստացված շրջայցեր կիրականացվեն՝ շինհրապարակները սահմանված չափորոշիներին համապատասխանեցնելու նպատակով: Մասնավորապես կարևորվել է օդի որակի չափիչ սարքերի տեղադրման գործընթացը: Քաղաքապետ Ավինյանը նշել է, որ GIS քարտեզի վրա արդեն տեսանելի է, թե քանի կառուցապատող է այդ աշխատանքներն իրականացրել, և արդյունքը գոհացուցիչ չէ և մոտ չէ բավարար լինելու: Այս պահի դրությամբ 16 սարքավորում է տեղադրված: 
«Խոշոր կառուցապատում իրականացնող բոլոր սուբյեկտները պարտավոր են, ըստ ավագանու որոշման, տեղադրել օդի որակի չափիչ սարքեր, և մենք էլ պարտավոր ենք արձանագրել խախտումները»,- ընդգծել է քաղաքապետը:

Գնահատեք հոդվածը

0 /5
0
գնահատական