Երևանի քաղաքապետարանի գործակարգավարական նիստում անդրադարձ է եղել մայրաքաղաքի ասֆալտապատմանը։
Քաղաքապետարանի շինարարության և բարեկարգման վարչության պետի պաշտոնակատար Արմեն Հարությունյանը ներկայացրել է, որ եղանակային պայմանները թույլ տալուն պես մեկնարկել են փոսային նորոգման աշխատանքները։ Քաղաքապետ Տիգրան Ավինյանի հարցին, թե ինչու այս տարի աննախադեպ ծավալի ասֆալտապատման խնդիր կա, Հարությունյանը նշել է, որ նախնական փոսալցման ծրագիր է եղել, բայց եղանակային աննախադեպ պայմանների պատճառով աշխատանքային օրերը սահմանափակվել են, հնարավորություն չի եղել առկա փոսերը նորոգել, արդյունքում՝ նոր և ավելի մեծ չափերի փոսեր են առաջացել. «Այդ պահին չկարողացանք նորոգել եղած փոսերը, ինչի հետևանքով ստեղծվեց իրավիճակ, որ նոր փոսեր առաջանան»։
Ըստ Հարությունյանի, երկու շաբաթվա ընթացքում փոսալցման աշխատանքների խնդիրները կլուծվեն։