Երևան

Երևանը պատրաստ է ընդլայնել Քիշնևի հետ գործակցությունը

Երևանի քաղաքապետի առաջին տեղակալ Արմեն Փամբուխչյանն ընդունել է ՎԶԵԲ տարեկան համաժողովին մասնակցելու նպատակով Երևանում գտնվող Քիշնևի քաղաքապետ Իոն Չեբանի գլխավորած պատվիրակությանը: 

Հանդիպմանը մասնակցել են նաև Երևանի քաղաքապետի տեղակալ Սուրեն Գրիգորյանը, Մոլդովայում  Հայաստանի պատվավոր հյուպատոս Թաթուլ Դավոյանը, կառուցվածքային ստորաբաժանումների ղեկավարներ: 

Քաղաքապետի անունից ողջունելով հյուրերին՝ Արմեն Փամբուխչյանն ընդգծել է, որ Երևանը շահագրգիռ է երկկողմ հարաբերությունները զարգացնել որոշակի ուղղություններով։ Դեռևս 2000 թվականին Երևանն ու Քիշնևը դարձել են քույր քաղաքներ։ Այժմ հաստատման փուլում է երկու մայրաքաղաքների համագործակցության համաձայնագիրը։ 

«Մեզ համար կարևոր է Երևանի և Քիշնևի միջև բարեկամական և գործընկերային հարաբերությունների զարգացումը, որի հիմքը մեր երկրների և ժողովուրդների բարեկամությունն է: Մենք մեծապես կարևորում ենք հստակ ծրագրերի և նախագծերի իրականացումը, ինչպես նաև քաղաքային կառավարման տարբեր ոլորտներում փորձի փոխանակումը»,- ընդգծել է Արմեն Փամբուխչյանը:

Քիշնևի քաղաքապետ Իոն Չեբանը շնորհակալություն է հայտնել հյուընկալության համար և նշել, որ իրենք կարևորում են Երևանի հետ տնտեսական գործակցության հաստատումն ու խորացումը: Քննարկվել են նաև կրթության, մշակույթի և քաղաքային տնտեսության այլ ոլորտներում փորձի փոխանակման և համատեղ նախագծերի իրականացման հնարավորությունները:

Մասնավորապես` առաջարկվել է Քիշնևում անցկացնել Հայաստանի ու Երևանի օրեր: Քննարկվել են նաև Երևանում հայազգի գործիչ Մանուկ Միրզոյանի հիշատակին նվիրված կիսանդրու տեղադրման մանրամասները: Արմեն Փամբուխչյանը մեկ անգամ ևս վերահաստատել է փոխգործակցության պատրաստակամությունն ու վստահություն հայտնել, որ պատվիրակության այցը Երևան կլինի երկկողմ արդյունավետ: