Երևան

6 պոլիկլինիկա և 32 մանկապարտեզ էներգաարդյունավետության ծրագրով կվերանորոգվի

Երևանի ավագանին ընդունեց «Երևանի քաղաքապետարանի և Եվրոպական ներդրումային բանկի միջև կնքված «Երևանի էներգաարդյունավետություն փուլ 2» ծրագրի իրականացման համաձայնագիրը հաստատելու մասին» որոշման նախագիծը։ Կողմ էր 35, դեմ 12 և ձեռնպահ 5 ավագանի։

Ներկայացնելով նախագիծը, Երևանի փոխքաղաքապետ Լևոն Հովհաննիսյանը տեղեկացրեց, որ ՀՀ-ի և Եվրոպական ներդրումային բանկի միջև 2023թ. նոյեմբերի 29-ին ստորագրվել է Երևանի էներգոարդյունավետության երկրորդ փուլի ֆինանսական պայմանագիրը՝ 25 մլն երվրո արժողությամբ, որն իրականացվելու է Եվրոպական հանձնաժողովի «Վերականգնում, դիմակայում և բարեփոխում․ 2020թ. հետո Արևելյան գործընկերության առաջնահերթությունների» համատեքստում։

Նրա խոսքով՝ ծրագիրը միտված է աջակցել Երևանի կողմից ընտրված համայնքային շինությունների էներգաարդյունավետության կայուն բարելավմանը, սեյսմիկ ամրացմանն ու վերակառուցմանը. «Ծրագրի շրջանակներում 6 պոլիկլինիկա և 32 մանկապարտեզ էներգաարդյունավետության ծրագրով կվերանորոգվի»։