Երևան

«Կսկսի իրականացվել նոր աղբավայրի ծրագիրը». Տիգրան Ավինյան (ՏԵՍԱՆՅՈՒԹ)

Այսօր Երևանի ավագանու հերթական նիստի ժամանակ քաղաքապետ Տիգրան Ավինյանը հայտարարեց, որ կսկսի իրականացվել նոր աղբավայրի ծրագիրը։

Ծրագիրը տևական ժամանակ՝ 2014թ. շրջանառության մեջ է եղել. «Վերակառուցման և զարգացման եվրոպական բանկի ֆինանսավորմամբ պետք է իրականացվեր այս ծրագիրը։ Ոչ միայն ՎԶԵԲ-ն, այլև Եվրոպական ներդրումային բանկը, բայց 2014թ.–ից, ծրագիրը կյանքի կոչելու բազմաթիվ փորձերից հետո, այն այդպես էլ չստացվեց, և մենք այս տարի որոշել ենք ծրագիրը չեղարկել առհասարակ։ Մենք ունենք արված բավարար հետազոտություններ և բավարար քանակի մասնավոր արտասահմանյան ընկերությունների կողմից առաջարկություններ, որոնք այս տարի կամփոփվեն, և կսկսվի նոր աղբավայրի ծրագիրը»։

Քաղաքապետի խոսքով՝ այն նպատակները, որ 2014թ. դրվել են, արդեն 10 տարի է՝ չեն իրականացվել: «Դրանք չեղարկվել են։ Հիմա սկսում ենք որոշակի տվյալահեն տրամաբանությամբ, որովհետև այս ընթացքում մեծ քանակի հետազոտություններ են արվել, և այդ գիտելիքները կենտրոնացված են «Նոր աղբավայր» ՓԲԸ-ում»: